Հայաստանը շանս է ստացել կորոնավիրուսի խնդիրն արմատապես լուծելու. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը շանս է ստացել կորոնավիրուսի խնդիրն արմատապես լուծելու։


Նա մտահոգություն հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքերի նվազմանը զուգահեռ, դիմակ չկրող քաղաքացիների տուգանման թվի էական աճ կա: «Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին այս ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Եթե մենք ճիշտ չգնահատենք այս իրավիճակը, կարող է հետ գլորվենք հուլիսի իրավիճակին»։ Վարչապետը նկատեց, որ աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվել, ու վերադառնում են ամենախիստ պատժամիջոցներին:


Հայաստանում օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած», - հայտնում են Առողջապահության նախարարությունից։


Վարչապետը կոչ արեց հանրությանը չթուլացնել զգոնությունը հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման տեսանկյունից՝ նկատելով Հայաստանն անցել է «դժոխքի միջով»: «Անցնելով այս դժոխքի միջով՝ 800-ից ավելի մահ ունենք, մենք հիմա շանս ունենք խնդիրն արմատապես լուծելու և աշնանը գտնվելու բոլորովին այլ վիճակում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ առողջապահական համակարգում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարած ներդրումներն ու ձեռք բերված սարքավորումներըդեռ պետք են գալու: «Հույս ունենանք, որ դրանք կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետք չեն գա, բայց շատ լայն կիրառում ունեցող սարքավորումներ են և օգտագործվելու են առողջապահական համակարգում»,- ասաց նա:


Հատկանշական է, որ այսօր կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը՝ որոշակիորեն մեղմացնելով սահմանափակումները:


Ըստ նոր կանոնների, հավաքների ազատության բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մասնակիցները պետք է լինեն դիմակով ու պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը` փակ եւ բաց տարածքներում։


ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է` պահպանելով 14 օր ինքնամեկուսացումը, բայց 14 օրվա ընթացքում թույլատրվում է տեստ հանձնել եւ բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չի գործի։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71104