ՀՀ-ն կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին․ Մնացականյան

Օգոստոսի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:


«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ:


Այդ համատեքստում նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձան Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը և Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին:


Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71037