ԱԱԾ-ն ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. Մանե Գևորգյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով համացանցում տարածվող տեղեկություններին այն մասին, որ ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգերը ենթարկվել են ադրբեջանական հաքերային հարձակման:


«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է Գևորգյանը:


Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70679