Թուրքիայի իշխանությունների որոշումը փակում է Սրբ Սոֆիայի տաճարի պատմության կարևոր էջը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել հայտարարությամբ.


«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:


Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն:


Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։


Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»,- ասված է հայտարարության մեջ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69334