ՄԻԵԴ-ը չի կասեցնի սահմանադրական փոփոխությունները, բայց կքննի ՍԴ նախկին դատավորների հայցը

ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։


Ըստ այդմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է չօգտագործել «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց և կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։


ՍԴ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պահանջում էին, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Հայաստանի կառավարությանը սառեցնել սահմանադրական փոփոխությունների կիրառումն ու պահպանի իրենց պաշտոնները։


ՄԻԵԴ որոշման մեջ նշված է, որ միջանկյալ միջոցի կիրառումը մերժվում է, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի կիրառման շրջանակից և չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու ռիսկ։


ՄԻԵԴ-ը, սակայն, քննարկելու է, «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը։


VERELQ հայտնել էր, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:


Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:


Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել։ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69186