Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան

Մերժվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:


«Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը», - ասված է նրա գրառման մեջ։


«Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։


Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։


Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը և «Ազատություն» ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն և ապօրինի լինելու հիմքով։


Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է։


Հ․Գ․ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ապօրինի հրահանգ տվողներին առաջարկում եմ աշխատանքային երկուշաբթին սկսել այս երաժշտական կատարմամբ», - ասված է նրա գրառման մեջ։



Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:


Բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:


Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր մայիսի 6-ին: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:


Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Դրանից հետո միջնորդությունը մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին: Մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ ԱԱԾ-ն դատավորին սպառնացել է՝ պահանջելով կալանավորելու որոշում կայացնել, ինչը, սակայն, հերքել էր թե ԱԱԾ-ն, թե ԲԴԽ-ն:


Հունիսի 8-ին արդեն ՊԵԿ լրատվական ծառայությունը հայտնեց, որ Միքայել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ստացված նոր տվյալների հիման վրա լրացվել է: Խոսքը օֆշորային գործարքների, եկամտի թաքցրած տվյալների մասին է:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68971