Մահաբեր հանքարդյունաբերություն. չարորակ հիվանդությունների մասով Լոռին առաջատար է. փորձագետ

2019 թվականին «Արնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Ալավերդի, Հայաստան) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը (Երևան, Հայաստան) Ալավերդի և Ախթալա համայնքներում համատեղ ծրագիր են իրականացրել՝ տեղական ֆերմերային տնտեսություններից և այգիներից մրգերի, բանջարեղենի և հողի նմուշներ են վերցվել՝ սննդային շղթայի վրա հանքարդյունաբերության աղտոտման ազդեցությունը գնահատելու նպատակով։ Արդյունքները, մեղմ ասած, մտահոգիչ են:


VERELQ-ի հետ զրույցում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը ներկայացրեց հետազոտության մանրամասներն ու նաև առկա իրավիճակը նշված տարածաշրջանում:


-Պարոն Դուլգարյան, ի՞նչ արդյունքներ է ի հայտ բերել վերջին հետազոտությունը: Կարո՞ղ ենք ասել, որ իրավիճակի բարելավում չկա:

- ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում բնապահպանական խնդիրները բավականաչափ խորքային են, որոնք առաջացել են տասնամյակների ընթացքում թե՛ հանքարդյունաբերական ընկերությունների, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների, թե՛ պետական կառավարման անբարեխիղջ կառավարման արդյունքում։ 2018-2019 թվականներին չեխական «Արնիկա» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ աղտոտումը ընդգրկել է մեծ աշխարհագրություն։ Շարունակական արտանետումները պոչամբարներից և թափոնակույտերից ծանր մետաղներով են հագեցրել Դեբեդ գետի ջրերը, գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչը տարածվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի, միրգ-բանգարեղենի վրա։

Հիմնական աղտոտումներն են մկնդեղի, կադմիումի, պղնձի և այլ ծանր մետաղների առկայությունը, որոնք գյուղատնտեսական հողերի մեջ գերազանցում են տեղական և միջազգային թույլատրելի նորմերը բազմաթիվ անգամներ։

Մարդկանց օրգանիզմում մազերից վերցրած նմուշների մեջ հայտնաբերվել են ևս ծանր մետաղներ, ինչպես, օրինակ, Նիկելը։

Ալավերդու ազատ տեղաշարժի հավերի հավկիթների մեջ հայտնաբերվել են բարձր կոնցետրացիաներով դիոքսիններ, որոնք հիմնականում առաջանում են նյութերի այրումից, ինչը պայմանավորված է Ալավերդու պղնձաձուլարանի երկարատև աշխատանքով պայմանավորված արտանետումներով, առանց պաշտպանիչ ֆիլտրերի։

Թումանյանի տարածաշրջանում իրականացված հետազոտությունների բոլոր կետերում առկա են կոնցերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր, և անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ և կասեցնել շարունակական արտանետումները բազմաթիվ աղտոտիչներից, որոնց մեծ մասը հիմա շահագործումից դուրս է, սակայն ակտիվ թունավորման և աղտոտման ֆունկցիաներ են իրականացնում։

Քանզի այդ ուղղությամբ ոչինչ մինչև հիմա չի իրականացվել, ապա կարող ենք ասել, որ իրավիճակի գործնական բարելավում այս պահին չկա։

- Վերջին տարիներին նմանատիպ հետազոտություններ բազմիցս են արվել, ի՞նչ-որ դրական փոփոխություն կա:

- Դրական փոփոխություն որպես այդպիսին կարելի է համարել, որ առկա է մարդկանց մտածելակերպի շոշափելի փոփոխություն։ Այո, բազմաթիվ հետազոտությունները օգնել են, որպեսզի մարդիկ ավելի շատ գիտակցեն առկա բնապահպանական իրավիճակի ռիսկերը տարածաշրջանում և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնեն դրանց մասին, սակայն, ինչպես նշեցի, վիճակի դրական փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն կոնկրետ բնապահպանական և առողջապահական միջոցառումների արդյունքում։

- Ունե՞ք վիճակագրություն կամ տվյալներ այն մասին, թե ինչպիսին է առողջապահական իրավիճակը Ձեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով այս պատկերը և փաստացի ծանր մետաղների առկայությունը միրգ-բանջարեղենում:

- Ստատիստիկ տվյալներ ունենալը բավականաչափ դժվարամատչելի գործընթաց է. առկա են տարբեր փորձագետների և լրագրողների ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս առողջապահական խնդիրների բազմազանությունը և դրանց հնարավոր կապը շրջակա միջավայրի հետ։ Մեր կողմից իրականացված հետազոտությունը փորձում է ցույց տալ հենց շղթայական կապը աղտոտումների և մարդկանց առողջության միջև։ Հետազոտվել են աղտոտիչները, դրանց ներփափանցումը Դեբեդ գետի ջրերի մեջ, որոնց միջոցով գյուղացիները ոռոգում են իրենց այգիները, այդ հողերի մեջ ծանր մետաղների ներթափանցումը ոռոգման ջրերի և փոշու տարածման միջոցով, շարունակաբար դրանց ներթափանցումը միրգ-բանջարեղենի և, ըստ այդմ, նաև մարդկանց օրգանիզմի մեջ, որի արդյունքում ենթադրելի են ռիսկային հիվանդությունների շրջանակը։


Լոռու մարզում տեսանելի են չարորակ և սիրտ-անոթային հիվանդությունների և դրանից մահացության բարձր մակարդակը։

Ենթադրում եմ որ համապատասխան մարմինները տիրապետում են առկա իրավիճակի ստատիստիկ պատկերին, սակայն դրա մասին չեն բարձրաձայնում։

Հայաստանում չարորակ հիվանդությունների մասով Լոռին առաջատար դիրքերում է։

-Այս խնդիրը զարգացել է ոչ մեկ օրում, բնապահպանները, այդ թվում նաև Դուք, բազմիցս եք բարձրաձայնել բնապահպանական աղետի մասին: Ինչ-որ բան փոխվել է երկրում հեղափոխությունից հետո: Տեսնո՞ւմ եք կամք իշխանությունների մոտ փոխել այս իրավիճակը:

-Հեղափոխությունից հետո շրջակա միջավայրի պահպանության ոլորտում շատ քիչ բան է փոխվել, աղտոտումները շարունակվում են, նախ և առաջ ոչինչ չի փոխվել ՏԻՄ-րում, իներցիայով շարունակվում է գրեթե ոչինչ չիրականացվել շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։ Այն գումարները, որոնք տրվում են կառավարության կողմից ազդակիր համայնքներին որպես բնապահպանական սուբվենցիաներ, մեծամասամբ ծախսվում են ոչ թե, օրինակ, հանքարդյունաբերությունից առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, այլ այլևայլ խնդրիների, որոնք լինում են շատ հաճախ նաև ոչ բնապահպանական։ Համապատասխան պետական մարմինները ևս լավ չեն արձագանքում, մենք այսօր ունենք «Նահատակ» պոչամբարը, որը արդեն պետք է ռեկուլտիվացված լիներ, սակայն այն շարունակվում է շահագործվել, վտանգելով շրջակայքում ապրող գյուղացիների առողջությունը։ Այս պահին ՀՀ-ն չունի ո՛չ շրջակա միջավայրի նախարար և ո՛չ էլ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, հույս ունենք որ առաջիկա նշանակումները կլինեն առկա կարիքներին համապատասխանող քաղաքական որոշումների շարքից։

Դրական փոփոխություններ կան խնդիրների լուծման ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման առումով։ Այս պահին մշակվում է ՀՀ «Հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա» ուղեցույցը, առաջիկայում ՀՀ կառավարությունը համաշխարհային առողջապահական կազմակերպության աջակցությամբ առաջին անգամ պետք է իրականացնի պիլոտային ձևաչափով մարդկանց առողջության գնահատում հանքարդյունաբերական կենտրոններում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից քարտեզագրվել են ՀՀ-ում առկա թափոնակույտերը և պոչամբարները դրանց հնարավոր ռեկուլտիվացման համար, սակայն առկա են խնդիրներ, որոնք օպերատիվ միջամտության կարիք ունեն, ինչպես, օրինակ, Դեբեդ գետը շարունակական աղտոտումներից պաշտպանելը։

- Հետազոտության հեղինակները նշում են, որ թեև Ալավերդիի պղնձաձուլական գործարանը չի գործում, բայց ծանր մետաղների առկայությունը չի վերացել, այսինքն սպառնալիքը մարդկանց առողջությանը դեռ առկա է: Դուք նաև առաջարկում էիք գործարանին այլընտրանք ստեղծել: Այսօ՞ր էլ այդ կարծիքին եք:

- Այո, ազդեցությունը գործարանի փակմամբ չի վերացել, տասնամյակներ շարունակ Ալավերդիին պատճառվող բնապահպանական վնասները խորքային ազդեցություն ունեն և հետևանքների վերացման ուղված երկարատև աշխատանք են պահանջում, միևնույն ժամանակ արձանագրենք, որ պետության կողմից համայնքերին տրվող բնապահպանական սուբվենցիաները այդ ՏԻՄ-ի կողմից այդ ուղղությամբ չեն օգտագործում , այլ, օրինակ, օգտագործվում են Ալավերդի քաղաքի ճեմուղիների վերանորոգման համար, իսկ մեր կողմից առաջարկությունները՝ ուղղել գումարները կոնկրետ արդյունաբերության բնապահպանական և առողջապահական հետևանքների վերացմանը, չեն ընդունվել։ Ասեմ ավելին. Ալավերդիին տրվող բնապահպանական սուբվենցիաները 2021 թվականից դադարում են, քանզի պղնձաձուլարանը այլևս չի աշխատում, այնինչ գործարանի չաշխատելը չի նշանակում հետևանքների վերացում, այն էլ այն դեպքում, երբ մինչ օրս որևէ բան այդ հետևանքների վերացման ուղղությամբ չի իրականացվել։

Մեր կազմակերպությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին առաջարկել է վերանայել այդ մոտեցումը և շարունակել Ալավերդիին տրամադրել բնապահպանական սուբվենցիաներ, Ալավերդի համայնքի ավագանուն առաջարկել ենք նաև ուղերձով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի Ալավերդիին շարունակեն տրամադրել բնապահպանական սուբվենցիաներ։

Ինչ վերաբերվում է այլընտրանքային զարգացմանը, նշեմ, որ մենք ոչ թե Ալավերդու գործարարանին այլընտրանք ենք առաջարկել, այլ հետապնդում ենք Լոռու մարզի Թումանյանի ամբողջ տարածաշրջանում այլընտրանքային զարգացման խթանման նպատակները, որոնք աստիճանաբար կթուլացնեն տարածաշրջանում սոցիալական կախվածությունը հանքարդյունաբերությունից, ու այո, տարածաշրջանում պետք է խթանել գյուղատնտեսությունը և տուրիզմը, ինչը կուժեղացնի շրջակա միջավայրի պահպանության արժևորումը։ Իսկ Ալավերդիում անհրաժեշտ է պետական հրատապ միջամտությամբ ներդրումներ կատարել աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ այլ ոլորտներում։

- Ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի Ձեր տարածաշրջանի գլխին կախված այս խնդիրը:

- Վերջերս մեր կազմակերպությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ, որը կզբաղվի Ախթալա համայնքը թափոնակույտերից մաքրելու ռազմավարության մշակմամբ և այս պահին մի քանի նախարարություն քննարկում են այդ առաջարկությունը։

Իսկ խնդիրների լուծման համար ուղղակի պետական պատասխանատու մարմինները պետք է համարժեք արձագանքեն իրենց վերապահված պարտականությունների և լիազորությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է մշակեն համայնքների շրջակա միջավայրի պահպանման և մաքրման տեղական ռազմավարություններ և կյանքի կոչեն համայնքային բյուջեների և պետությունից տրվող բնապահպանական սուբվենցիաների միջոցով, սակայն ամենից կարևորը դա հենց տեղական բնակիչների կողմից շրջակա միջավայրի պահպանության արժևորումն է և դրանից բխող առողջպահական խնդիրների գիտակցումը, ինչը կհանգեցնի բոլոր շահագրգիռ կողմերի կոնսոլիդացիայի այդ խնդիրների լուծման շուրջ ։

Լիա Խոջոյան


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68554