Շրջանառվում է Ռոստովում կործանված ինքնաթիռի երեք վարկած

FlyDubai ավիաընկերության գործադիր տնօրեն Գեյթ ալ-Գեյթը, անդրադառնալով Դոնի Ռոստովում այսօր գիշերը օդանավի կործանմանը, հայտարարել է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում եղանակը թույլ է տվել չվերթ իրականացնել: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Եթե եղանակը անհարմար լիներ, ինքնաթիռը չէր թռչի»,- հայտարարել է ալ-Գեյթը՝ ավելացնելով, որ դեռ շուտ է ասել, թե ինչն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը, հայտնում է Tert.am-ը։

«Մենք տեղեկություն կունենանք միջադեպի հանգամանքների և սև արկղի մասին: Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ իրականացվում է հետաքննություն, և մենք սպասում ենք արդյունքներին»,- ասել է Գեյթը և հավելել, որ օդաչուից տագնապի ազդանշան չի ստացվել:

Բացի այդ, այժմ ստուգվում է տեղեկությունն այն մասին, որ կործանված Boeing-ը փորձել է երկու ժամ վայրէջք կատարել: Նրա խոսքերով՝ դա ոչ ստանդարտ իրավիճակ է: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելու անհաջող փորձից հետո Boeing 737-800 ինքնաթիռը օդում է եղել ևս դեռ երկու ժամ:

Արդեն հայտնաբերվել են հայտնաբերվել են Flydubai ավիանկերությանը պատկանող կործանված Boeing-ի սև արկղները: Շուտով կսկսվի նրանց վերծանումը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Այժմ դիտարկվում է ինքնաթիռի կործանման երեք տաբերակներ՝ վատ եղանակային պայմաններ, տեխնիկական խնդիրներ և անձնակազմի սխալը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները:

Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6802