Թբիլիսին ցանկանում է Արսեն Թորոսյանից լսել նրա հայտարարության պատճառը

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն, արձագանքելով իր հայ գործընկերոջ՝ Արսեն Թորոսյանի՝ «Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը» հայտարարությանը, նշել է, որ այն զուրկ է փաստարկներից:


«Իմ հայ գործընկերոջ արած հայտարարությունը զուրկ է որևէ փաստարկներից: Մենք նախատեսում ենք հետագայում կապ հաստատել նրա հետ, որպեսզի մանրամասնորեն պարզենք, թե ինչն է դարձել նրա հայտարարության պատճառը», - հայտարարեց «Ռուսթավի-2»-ի եթերում Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն:


Վրաստանի առողջապահության նախարարը նշել է, որ Թորոսյանը, եթե հարց ուներ, կարող էր կապ հաստատել և «մենք կկարողանայինք պատասխանել նրա բոլոր հարցերին»:


«Այն փաստը, որ վրացական առողջապահության համակարգի արդյունքները կասկածի տակ չեն, հաստատվում է ոչ միայն այն թվերով, որոնք այսօր գրանցվում են Վրաստանում, այլև բոլոր այն գնահատականներով, որոնք մենք լսում ենք հանրությունից: Հետևաբար, որոշ կասկածներ և հարցեր են առաջանում այն մասին, թե ինչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից այսպիսի հայտարարության անելու համար: Մենք նախատեսում ենք հետագայում կապ հաստատել նրա հետ՝ մանրամասն իմանալու համար, թե որն է նրա (հայտարարության) պատճառը», - ասել է Տիկարաձեն:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արսեն Թորոսյանը Հանրային խորհդի առցանց նիստի ժամանակ նշել էր, որ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման տեսանկյունից Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Այնուհետև նա ասել էր՝ «մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը», որն էլ հասկանալի պատճառներով մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ ըդդիմադիր շրջանակներում, թե սոցիալական ցանցերի վրացական սեգմենտում։ Այն արժանացավ նաև վրացական կողմի քննադատությանը։


Որոշ ժամանակ անց նախարարը Թորոսյանը, ըստ պաշտոնական Թբիլիսիի, դիվանագիտական խողովակներով «ափսոսանք է հայտնել», որ իր «հայտարարությունների ոչ ճիշտ մեկնաբանություններն անհանգստացրել է վրաց գործընկերներին»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66553