Նախագահի պաշտոնամուտի արարողությունը չի կարող չանցկացվել. պարզաբանում

Արցախի Հանրապետության պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ նախագահի՝ 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:


Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: Չնայած դրան՝ վերը նշված երկու միջոցառումների ժամանակ նախատեսվել են նաև հակահամաճարակային միջոցառումներ. հյուրերը ջերմաչափվել են ավտոմատ գործող սքաներային ջերմաչափով, նրանց առաջարկվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգել, իսկ դահլիճը նախապես ախտահանվել է:


Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի՝ 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի հավելվածի 24-րդ կետով սահմանված է.


«24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.


1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.


2) ժամանցային միջոցառումները.


3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.


4) Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ»:


Նշվածից բխում է, որ պարետի որոշմամբ անհրաժեշտության դեպքում պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ կարգելվեն Հրամանագրի հավելվածի 24-րդ կետում նշված միջոցառումները, իսկ պարետի ցուցումով նաև հանրային որակված այլ միջոցառումներ: Այսօրվա դրությամբ պարետի որևէ ցուցում չկա 24-րդ կետի 4-րդ ենթակետի մասով, իսկ 24-րդ կետով սահմանված միջոցառումները արգելված են ԱՀ ողջ տարածքում՝ պարետի ս.թ. ապրիլի 13-ի թիվ 2 որոշմամբ, որը ինչպես և պարետի մյուս բոլոր որոշումները, հրապարակվել է ԱՀ Կառավարության պաշտոնական կայքում:


Մայիսի 21-ին Արցախում կայացել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որից հետո եղել է շնորհավորանքի խնջույք: Խնջույքի ժամանակ արված կադրերը հրապարակվել են պաշտոնական կայքերում, այնուհետ՝ դարձել շահարկումների եւ քննադատության պատճառ: Քաղաքացիներն իրենց գրառումներում նշում են, որ պաշտոնյաները չեն պահպանել սոցիալական հեռավորություն, եղել են առանց դիմակների եւ մեծաթիվ խմբով են մասնակցել խնջույքին, ինչն արգելված է նաեւ Արցախում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66441