Մամուլ. Քննարկվում են իշխանափոխության տարբեր սցենարներ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում որոշակի շրջանակներ ակտիվորեն քննարկում են բացառապես Սահմանադրության եւ օրենքների սահմաններում սահուն իշխանափոխության տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնալով խորանում է հասարակության դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից: Քննարկումներում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հնարավոր լինի գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության լայն շերտերի համար, իսկ իշխանափոխությունը հնարավոր կլինի իրականացնել առավելագույնս անցնցում: Մեր աղբյուրները նշում են, որ քննարկվում է մասնավորաբար Տիգրան Ավինյան-Արթուր Վանեցյան տանդեմի տարբերակը: Սրանով հնարավոր է դառնում լուծել մի քանի հարց: Նախ՝ կանխվում է գնալով վատթարացող սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում առկա խնդիրների էլ ավելի խորացումը: Երկրորդ՝ Վանեցյանը ընդունելի տարբերակ է աշխարհաքաղաքական կենտրոնների համար, իսկ դա չափազանց կարեւոր հանգամանք է: Եվ վերջապես՝ Տիգրան Ավինյանը, որպես պաշտոնյա եւ քաղաքական գործիչ, հեղափոխության ծնունդ է, իսկ դա թույլ կտա խուսափել ցնցումներից եւ իրականացնել սահուն, փափուկ իշխանափոխություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Մեր տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։ Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով են հետաքրքրվում։ Լսել են Սասուն Միքայելյանի վիրավորանքներն ու հարվածներն իր մաշկի վրա զգացած ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, իսկ ԵԽԽՎ-ի իշխանական պատվիրակներից այդ սեւ գործը՝ բացատրություններ ներկայացնելը, դրվել է Հովհաննես Իգիթյանի ուսերին։ Մենք տեղեկացանք, որ Իգիթյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից փոխանցել են՝ եթե ALDE-ն միջադեպի վերաբերյալ հանդես եկավ առանձին հայտարարությամբ, ապա ինքը զրկվելու է ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից։ Թե ինչու է այլոց ամբարտավան պահվածքն արդարացնելու բեռը դրվել Հովհաննես Իգիթյանի ուսերին, իշխանական մեր աղբյուրներն իրենց վարկածն ունեն։


Առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Իգիթյանի վրա «ատամ» ունի․ դեռ ամիսներ առաջ էր քննարկվում նրան ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու հարցը, հիմա պատեհ ժամանակն է, որպեսզի Իգիթյանը ցույց տա իր «կշիռն» այդ կառույցում եւ իշխանությանն էլ պարզերես անի։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի, հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, Ռուբեն Ռուբինյանն էլ թեպետ դեմ էր քվեարկել, բայց հետո «կռուտիտ արեց», թե իբր իր «դեմ» քվեարկությունը տեխնիկական սխալի արդյունք է, եւ սա այն պարագայում, երբ հանձնաժողովի ընդդիմադիր պատվիրակներ Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ էին քվեարկել բանաձեւին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը։ Դրանից հետո մամուլը գրեց, որ Իգիթյանին ԵԽԽՎ-ում չտեսնելու պահանջ է դրել անգամ Ռուսաստանը, բայց քանի որ հայ-ռուսական հարաբերություններն իրականում այնքան էլ փայլուն չեն, որքան վարչապետ Փաշինյանն է ներկայացնում, Իգիթյանին որոշեցին «ժերտվա» չտալ, իսկ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկուսի շահերը համընկնում են։


Եթե Իգիթյանը չկարողանա խանգարել, եւ հատուկ ընթացակարգով ֆիքսվի, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սրընթաց տեմպերով իշխանությունը մսխում է ժողովրդավարությունը, ապա Իգիթյանը կհեռանա պատվիրակությունից, իսկ Փաշինյանն էլ իր հերթին դա կփորձի «թանկով ծախել» Ռուսաստանի վրա՝ ցույց տալով, որ ինքը քայլեր է իրականացնում հայ-ռուսական լարված հարաբերությունները լիցքաթափելու ուղղությամբ։ Մենք տեղեկացանք, որ Իգիթյանն իրեն փրկելու համար ապավինել է Փաշինյանի «գործիքին»․ նա եվրոպացիներին փոխանցել է, որ ընդդիմադիրները լկտիաբար սադրել են, հրահրել՝ ճիշտ նույն սցենարը, որով վարչապետը հանդես եկավ ծեծկռտուքի օրը՝ խորհրդարանի դահլիճում։ Գուցե եվրոպացի գործընկերների «բերանը փակելու» այլ միջոցներ էլ են գործի դրվել, մեզ այդ մասին հայտնի չէ։


Մենք ճշտեցինք, սակայն, որ եթե նույնիսկ ALDE-ն առանձին հայտարարություն չտարածի, միեւնույն է՝ հարցն ուղարկվելու է մոնիթորինգի հանձնաժողով, եւ այս միջադեպն անպայման տեղ է գտնելու այդ հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով առաջիկա զեկույցում։ Հարց է ծագում․ ինչո՞ւ է իշխանությունն այդքան շահագրգռված առանձին հայտարարության չեղարկմամբ, պատասխանը պարզ է՝ միջադեպի մասին առանձին հայտարարության արձագանքը շատ ավելի մեծ կլինի, եւ դժվար թե եվրոպացի գործընկերներն էլ համակարծիք լինեն, որ ելույթ ունենալը նշանակում էր «սադրել», իսկ մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում տարբեր հարցերի կողքին միգուցե թեման այդպիսի մեծ արձագանք չգտնի։ Երեկ ողջ օրը մեզ չհաջողվեց կապ հաստատել Հովհաննես Իգիթյանի հետ։ Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպն արդյոք քննարկվո՞ւմ է ԱԼԴԵ-ում, եւ ստացանք դրական պատասխան․ «Այո, ԱԼԴԵ-ում հետաքրքրվել են միջադեպով, ես պարզաբանումներ եմ տվել միջադեպի մասին»։ Այլ հարցերի ու այդ գործընթացից ունեցած ակնկալիքների մասին Մարուքյանը գերադասեց չխոսել»:


«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ Այդ միջադեպից հետո տեղի ունեցավ ԱԺ հերթական քառօրյան, որին ԼՀԿ-ն դարձյալ չմասնակցեց. նրանք բոյկոտեցին նաեւ մի քանի արտահերթ նիստ։ Տեղի ունեցած զարգացումների հետ կապված «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, համաձայն որոնց, մինչեւ նստաշրջանի ավարտը, որը կտեւի, մոտավորապես, մինչեւ հուլիսի առաջին տասնօրյակը (օրենքով սահմանված կարգի համաձայն մինչեւ հունիսի 18-ը), խմբակցությունը կշարունակի իր բոյկոտը եւ չի ներկայանա նիստերի դահլիճ։ Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: «Նիստերին մասնակցության հետ կապված մենք դեռ որեւէ որոշում չունենք»,-ասաց պատգամավորը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 26-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Այս օրերին հանձնաժողովների նիստեր են ընթանում, որից ելնելով էլ կկազմվի գալիք նստաշրջանի օրակարգը: Բացի այս նստաշրջանից, հերթական նիստեր են սպասվում նաեւ հունիսի 16-ից: Սակայն այսքանով Ազգային ժողովի ընդհանուր նստաշրջանը չի ավարտվելու: Դեռ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ հուլիս արտահերթ նիստերի պակաս չի լինի: Իսկ դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի պատճառներ կան: Նախ, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, հաճախ է անհրաժեշտ լինում արտահերթ կամ հատուկ նիստ հրավիրել և փոփոխություններ անել՝ նախկինում ընդունված որոշումներում: Բացի այդ, Ազգային ժողովը դեռ պետք է քննարկի նախագծեր, որոնց քննարկումը կարող է երկարատև լինել: Խոսքը օրինակ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի, Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության հաշվետվություններին է վերաբերում: Բացի այս նախագծերից, ինչպես արդեն նշեցինք, հաճախ պատգամավորները կարող են նիստեր անել՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված և մեր տեղեկություններով, պատգամավորներին արդեն զգուշացվել է, որ առաջիկայում թեժ և լարված շրջան է սպասվում և բոլորը պետք է ամեն րոպե պատրաստ լինեն՝ Ազգային ժողով գալու եւ արտահերթ նիստի մասնակցելու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրա ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը նշում է, որ Գրիգորյանն անկողնային վիճակում է և մշտական բժշկական հսկողության տակ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր զանգին պատասխանեց նրա խորհրդական Վարագ Սիսեռյանը, որը պետք է արձակուրդում լիներ։ Ասաց` մի քանի օր է, ինչ վերադարձել է արձակուրդից: Ինչո՞ւ։ «Պարոն Ավինյանը հետ կանչեց, բավականին գործ կար` կանոնները պետք է սահմանվեին` նոր իրավիճակի հետ կապված, ամեն ինչի տակ բան փնտրելը ճիշտ չէ»: Իսկ ճի՞շտ է, որ նախորդ օրը Ավինյանին քաղաքացի էր սպասում եւ քաշքշուկի ընթացքում նրան «չափալախել» է։ «Մենք նման տեղեկատվություն չունենք, ասել ենք, որ նման բան չի եղել, ինչ վերաբերում է չափալախին, պիտի ասեմ` Հայաստանի մշակույթում չափալախել չկա, դա կար մեր` լիբանանյան մշակույթում, Հայաստանում սիրում են բազար անել։ Ի դեպ, 12 թվին, երբ նոր էի եկել Հայաստան, սփյուռքահայ ընկերոջս, «տղայական» նման մոտեցման արդյունքում, ես էլ չափալախեցի, ինձ բերման ենթարկեցին ոստիկանություն. այդ օրվանից Էդ մշակույթը թողեցի Լիբանանում»: Մի ցրեք, ասում են` նպատակը եղել է Ավինյանին իր տեղը ցույց տալը, հասկացնել, որ իր հավակնությունները դնի մի կողմ։ «Ո՞վ է նման բան ասում․․․ Չի եղել Ավինյանի հետ կապված նման բան, մենք ժխտել ու հիմա էլ ժխտում ենք դա»: Տեղեկություն կա, որ քաղաքացին շատ երկար է դրսում «սպասել» Ավինյանին։ «Հիմա էլ դրսում մեզ քաղաքացիներ են սպասում»:


«Ժողովուրդը» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձեւով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը տղայական «ռազբորկայի» է կանչել Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին, որը համարձակվել էր ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի հասցեին «թթու» խոսք ասել։ Հանդիպումը տեղի է ունեցել Գոգյանի տան մոտ, Թամրազյանն «ատչյոտ» է պահանջել Գոգյանից։ Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում առկա են արտագրություններ, բայց Թամրազյանի հովանավորչության շնորհիվ նա զբաղեցնում է այդ պաշտոնը։ «Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ եւ իր միջեւ»,- նշել էր Գոգյանը։ Բարեբախտաբար, «ռազբորկան» ձեռնամարտի չի հասել, թեպետ Թամրազյանը, նախարարության աղբյուրի վկայությամբ, ապտակելու փորձ ունի եւ անգամ փորձարկել է փոխնախարարներից մեկի նկատմամբ։ Ի դեպ, երեկ Գոգյանին ընդունել է նաեւ Փաշինյանը, որպեսզի լսի նրա պարզաբանումները հրաժարականի առթիվ։ Սմբատ Գոգյանին հարցրինք՝ եղե՞լ է նման հանդիպում իր տան մերձակայքում։ «Ես դա հանդիպում չեմ անվանում, հանդիպումն ինձ համար կոնստրուկտիվ եւ գործնական է լինում»։ Ուրեմն տղայական զրո՞ւյց է եղել։ «Չեմ մեկնաբանում»։


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ-ում եւ աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության կողմից մի շարք միջոցառումների ծրագիր իրականացվեց, որի շրջանակներում պետության կողմից փոխհատուցվեցին բնակչության՝ գազի եւ էլեկտրաէներգիայի կոմունալ վարձավճարներից որոշակի գումարներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կազմակերպության աշխատակիցների բնակարանների գազի վարձավճարի փոխհատուցված գումարը հետ է գանձվելու, այսինքն, պահվելու է աշխատավարձից։ Ի դեպ, թերթի լրագրողի հետ զրույցում կազմակերպության որոշ աշխատակիցներ նշում էին, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակազմում այդքան էլ միանշանակ չի ընդունել այդ որոշումը։ Տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից հաստատել են մեր տեղեկությունը՝ ընդգծելով կամավորության սկզբունքը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում իրականացրել են իրենց պարտականությունները եւ ստացել են աշխատավարձ, ընկերության այն աշխատակիցները, ովքեր օգտվել են փետրվար ամսվա սպառած գազի դիմաց ՀՀ կառավարության ծրագրերով հատկացված փոխհատուցումից, հանդես են եկել նախաձեռնությամբ` կամավորության սկզբունքով այդ գումարները որպես օգնություն փոխանցել գազ սպառող այն բաժանորդներին, որոնք սոցիալապես առավել խոցելի են համարվում»,-ասված է պատասխանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում, ի տարբերություն խորհրդարանի, կորոնավիրուսի տարածումը բավականին լայն ընդգրկում ունի. ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ունեցել են 17 հիվանդ, 24 ասիմպտոմ` մեկուսացածներ, լավացել են 12-ը: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը գալի՞ս է գործի՝ հարցրինք։ «Առաջին օրերը` ոչ, կապված տարիքային խնդրի հետ, հիմա պարտաճանաչ գալիս է»,- ասաց ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանը: Բայց հեռահար է աշխատում` կաբինետից, հեռախոսով: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ մեկուսացվա՞ծ է։ «Աշխատում է տնից»,- տեղեկացրեց խոսնակ Արմինե Մուրադյանը: Պապիկյանի գործը հեշտ է՝ միայնակ է ապրում (ամուսնացած չէ), հարազատներին վարակելու խնդիր չունի՝ ի տարբերություն իր պապիկին ու տատիկին վարակելու մտահոգությամբ տոգորված Արսեն Թորոսյանի: Ի դեպ, տեղեկություններ կային, որ Արսեն Թորոսյանը մեկուսացել է «Ռեժինե» հյուրանոցում, սակայն հավատարիմ խորհրդական, «Ռեժինեի» պատասխանատու Աշոտ Սարգսյանը հերքեց` նախարարն իրենց մոտ չէ, իսկ թե որտեղ է մեկուսացած, չասաց․ «Շատ նորմալ է, որ նախարարը մեկուսացած է. էդ վիրուսը կպնում է ում ասես, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի վարչապետ»: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության վարակվածների թվին, ապա այն նույնպես գաղտնիք է. մամլո խոսնակն ասաց՝ թվեր չենք նշում, «որ չվախեցնենք մարդկանց»: Էդքան շա՞տ են։ «Չէ, այնքան էլ շատ չեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «2019 -ի փետրվարին գրել էինք, որ լուրջ աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչեւ ապրիլ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան։ Տեղեկացրել էինք, որ կա փաստաբանների խումբ, որն աշխատում է, ուսումնասիրում են մեղադրական եզրակացությունը, փորձում հասկանալ, թե քրեական գործն ինչպես ավարտեն, որ 2000 թվականից փախուստի մեջ գտնվող Սիրադեղյանը կարողանա վերադառնալ հայրենիք։ Սակայն արդեն 1 տարուց ավելի է անցել՝ Սիրադեղյանը Հայաստանում չէ, խոսակցություններն էլ նրա վերադարձի մասին լռել են։ Մեր աղբյուրները հայտնել էին, որ վերադարձի հիմքը վաղեմության ժամկետը լրանալն է։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ ընթացքում է գործը։ Ինչպես նշեց Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, «ընթացքի մեջ է»։ Նա չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, ընդհուպ մինչեւ այն, թե փաստաբաններից ովքեր են զբաղվում Սիրադեղյանի գործով։ Նույնն ասաց Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, ով արդեն հասուն մարդ է։ Հարցին, թե ինչն է պատճառը, որ Վանո Սիրադեղյանը, որ խոստացել էր վերադառնալու պարագայում շատ բան հայտնել իրեն առաջադրված մեղադրանքների մասով, նոր Հայաստան չի վերադառնում, ասաց․ «Պատճառներն ակնհայտ են, բայց չմեկնաբանեմ»։


Իսկ կարո՞ղ է Սիրադեղյանը՝ ինքը, չի ուզում վերադառնալ, եւ պատճառն իրավական խոչընդոտները չեն։ Խաչատուր Սիրադեղյանն ասաց՝ կարող է։ Ռուզան Տոնոյանն էլ ի պատասխան ասաց, թե Սիրադեղյանի փոխարեն ինքն ինչպե՞ս կարող է պատասխանել։ Այս ընթացքում տարբեր իրավաբաններ տարբեր կարծիքներ են հայտնել, թե Վանո Սիրադեղյանի նկատմամբ կարո՞ղ է արդյոք կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։ Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել վաղեմության ժամկետ՝ հիմնավորելով, թե ինչու․ «Քանի որ հոդվածը ցմահ էլ է նախատեսվում (խոսքը 104-րդ հոդվածի 2-րդ մասի մասին է), նման պայմաններում վաղեմության ժամկետի հարցը միայն դատական նիստով դատարանն է որոշում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ավելանում են միջնորդությունների թիվը դատարաններին, որոնցով պաշտպանները միջնորդում են հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով իրավիճակն ու բարձր ռիսկայնությունը: Երեկ էլ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին այդպիսի դիմում է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Իսկ «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մի քանի մեղադրյալներ չին ներկայացել նիստին եւ կրկին դիմել էին դատարան՝ նշելով, որ գտնվում են ռիսկային խմբում եւ համաճարակային իրավիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ, սակայն դատարանը անարժանահավատ էր համարել նրանց դիմումը եւ բերման ենթարկելու որոշում կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, լուրջ խնդրի առջեւ են կանգնել նաեւ ՀՀ քննչական մարմիները: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահ մարմիները տարբեր քրեական գործերով նախաքննական մարմին են հրավիրում տարբեր անձանց՝ վկայի, կասկածյալի կամ այլ կարգավիճակով, սակայն ծանուցում ստացած վկաները, կասկածյալները հրաժարվում են ներկայանալ նախաքննական մարմին՝ նույն պատճառաբանությամբ՝ ասելով, թե իրենք գտնվում են ռիսկային խմբում ու չեն կարող ներկայանալ: Եվ ահա, նախաքննական մարմին էլ այլ ելք չունենալով վերջիններիս պատասխանը հիմք է ընդունում եւ սպասում է իրավիճակը մեղմանա, նոր հրավիրեն նրանց հարցաքննության ու այսպես մի շարք քրեական գործեր դոփում են տեղում: Իսկ կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, դեռ 5 տարի կարող է ակտիվ մնալ»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66341