Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ չեմ կարող. Արշակ Կարապետյանը՝ լրագրողներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն այսօր՝ մայիսի 18-ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ խոսեց շատ կարճ ու գրեթե ոչինչ չասաց:


2016 թվականի ապրիլյան պատերամզի օրերին հետախուզության աշխատանքի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանելիս նա հղում էր կատարում դրանց գաղտնիությանը: «Կներեք, քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են, դրա համար ինձ կներեք: Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ չեմ կարող»,- լրագրողներին ասաց Կարապետյանը:


Ապրիլյան պատերազմից հետո գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացված, իսկ թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանի խոսքով, բոլոր տեղեկությունները, որ նա հայտնել է հանձնաժողովին գաղտնիության մեծ տարրեր են պարունակում, ուստի բարձրաձայել դրանց մասին չի կարող:


«Իմ բոլոր տեղեկություները գաղտնիության խնդիր ունեն, որովհետեւ Ադրբեջանի համար կարեւոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ: Երկու պատասխանն էլ շատ կարեւոր է: Եթե չենք իմացել, դա էլ է կարեւոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարեւոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե չեմ ուզում պաշտպանվել կամ չգիտեմ՝ ինչ անել, հարցը այստեղ դա չէ, հարցն այն է, որ մենք չենք կարող այդ մասին իրենց ասել: Սա շատ վտանգավոր է», - ասաց նա:


Դիտարկմանը՝ վարչապետն ասել է, որ չի եղել օպերատիվ տվյալների պակաս, Կարապետյանն ասաց, որ չի կարող քննարկել վարչապետի ասածները:


Ավելի վաղ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական կողմը հետախուզության աշխատանքի մասով խնդիրներ է ունեցել:


2016-ի ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակվա նախագահ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ՝ ապրիլի 26-ին: Պաշտոնապես նրա ազատման պատճառների մասին որևէ բան չասվեց, սակայն տարբեր քաղաքական ու փորձագիտական շրջանակներ հենց նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ Կարապետյանն այդ օրերին զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66193