Անընդունելի ու սրբապիղծ. խոսնակն անդրադարձել է Փաշինյանի պապի մասին հրապարակումներին

Անընդունելի ու սրբապիղծ են այն հայտարարությունները, թե իբր Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական մեծ պատերազմի տարիներին համագործակցել է նացիստների հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:


«Մայիսի 9-ին, երբ նշվում էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, համընդհանուր տոնի մթնոլորտը մթագնեցին հրապարակումները, որոնց համաձայն՝ Փաշինյանի պապը Վերմախտի շարքերում կռվել է Կարմիր բանակի դեմ։ ԶԼՄ–ները հղում են արել ՌԴ ՊՆ «Մեմորիալ» տվյալների էլեկտրոնային բազային, որտեղ վարչապետի պապը մի քանի անվանակիցներ ունի։ Որոշ ԶԼՄ-ներ տարածեցին Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տեղեկությունները, այն դեպքում, երբ վարչապետը հայտարարել էր՝ իր պապը սերժանտ Նիկոլ Առաքելի Փաշինյանն է։ Փաստը, որ տվյալ հրապարակումների հեղինակները հիմք են ընդունել չճշտված տեղեկություններ, խոսում է նրանց անփութության կամ կանխակալության մասին։


Տարածման աղբյուրների ամենամակերեսային վերլուծությունը վկայում է, որ այդ կեղծիքի հեղինակները նպատակ ունեն սեպ խրելու հայ–ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ, և իրենց նպատակին հասնելու համար չեն խորշում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և հերոսներին զրպարտելուց։ Հայրենիքի ազատության համար մարտնչած վետերանների հիշատակը արատավորող կեղծ տեղեկության տարածումը, հատկապես Մեծ հաղթանակի հոբելյանին, անթույլատրելի, աղաղակող սրբապղծություն է»,– ընդգծել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետը պատմել էր, որ իր պապը` Նիկոլ Փաշինյանը, ռազմաճակատ է մեկնել, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Ընտանիքում միայն մի քանի լուսանկարներ և սակավաթիվ պատմություններ են պահպանվել պապի մասին։ Հայտնի է, որ նա ծառայել է 138-րդ դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Փաշինյանի պապը զոհվել է 1943 թվականի փետրվարին, մեկ այլ վարկածով` անհետ կորել է Ստալինգրադում կամ Ղրիմում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66141