Ոչ ոք չպետք է եկամուտներ ստանա հանցավոր ճանապարհով. Սրբուհի Գալյան

Ընդդիմադիրները սվիններով ընդունեցին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ նշելով, որ այն վիճելի է և կարող է հանգեցնել ներդրումների կրճատման, ակտիվների արտահոսքի, ինչպես նաև վերածվել քաղաքական մահակի: Այս օրնեքի քաղաքական ու տնտեսական հետևանքների մասին VERELQ-ի հարցերին պատասխանել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:


- ԱԺ-ն շաբաթներ առաջ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Ինչո՞ւ առաջացավ այս օրենքն ընդունելու անհրաժեշտությունը և ի՞նչ խնդիր է այն լուծելու:

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը հանցավոր գույքի շրջանառության դեմ պայքարի միջոցներից մեկն է: Այս օրենքն արդյունավետ գործիք է, որը թույլ է տալիս քաղաքացիական դատավարության շրջանակներում քաղաքացիական դատավարությանը բնորոշ ապացուցման կանոններով լուծել ապօրինի ծագում ունեցող գույքի ճակատագիրը՝ ուսումնասիրելով անձին պատկանող գույքը և դրա ձեռքբերման համար օգտագործված միջոցները։


- Ասացեք խնդրեմ, ի՞նչ ռետրոսպեկտիվ ազդեցություն է ունենալու այս օրենքը: Ովքե՞ր կարող են հայտնվել այս օրենքի կիրարկման թիրախում: Մինչ ո՞ր թվականի գույքն է անցկացվելու օրենքի խոշորացույցի տակով:


- Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրության նյութերով հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը ներառում է ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից առաջ ընկած ժամանակահատվածը, որը չի կարող լինել ավելի երկար, քան ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացմանը նախորդող տասը տարին: Բացառությամբ այն դեպքերի, երբ ուսումնասիրության նյութերով ի հայտ են գալիս նշված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կասկածներ և այդպիսի գույքի ձեռքբերմանն առնչվող ապացույցները պահպանված են: Այդ դեպքում իրավասու մարմինը կայացնում է որոշում՝ սահմանելով ուսումնասիրվող նոր ժամանակահատված, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատված։


Օրենքը չունի հետադարձ ուժ այնքանով, որ չի կարգավորում մինչև օրենքի ընդունումը ավարտված իրավահարաբերություններ, այլ նորովի է կարգավորում օրենքի ընդունման պահին շարունակվող հարաբերությունները։ Օրենքի հիմքում ընկած է այն գաղափարը, որ անձի իրավունքները գույքի նկատմամբ չեն կարող ծագել և պետության կողմից պաշտպանվել, եթե գույքի ձեռք բերումը տեղի է ունեցել ոչ օրինական ճանապարհով։


Այսպիսով, օրենքի կիրառումը կարող է առնչվել միայն այն անձանց, ում, օրենքի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում կպատկանի ապօրինի ծագում ունեցող գույք՝ անկախ այդպիսի գույքն օրենքի ընդունումից հետո կամ առաջ ձեռք բերված լինելուց։


- Ինչպե՞ս է որոշվելու, թե ում գույքն է առաջնահերթ ստուգվելու: Կա արդյոք սահմանված առաջնահերթություն կամ ստուգումների փուլեր:

Օրենքով ուսումնասիրությունը սկսվում է օրենքով հստակ որոշված ազդակների առկայության դեպքում: Հետևաբար, համապատասխան ազդակների առկայության դեպքում միայն կարող է սկսվել ուսումնասիրություն, և այս համատեքստում, սահմանված առաջնահերթություններ չկան:

- Եկեք ավելի հստակ խոսենք: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Ucom ընկերության շուրջ կատարվում են գործընթացներ, որոնք այդ ընկերության ղեկավարությունը համարում է «կուլակաթափություն», շատ այլ պաշտոնյաների գույքերի վրա դրված է կալանք: Օրենքը կարող է տարածվել այս դեպքերի վրա:


Նշված օրենքի կիրառման հնարավորությունը կոնկրետ անձանց նկատմամբ հնարավոր է քննարկել բացառապես իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում:


- Ենթադրենք նախկին պաշտոնյան չի կարողանում հիմնավորել իր ունեցվածքի օրինականությունը: Ի՞նչ է արվում այդ պահից հետո:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը:

Եթե գործի դատաքննության արդյունքում իրավասու մարմինը (hայցվորը) ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով, իսկ պատասխանողը չի հերքում իր գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ, ապա դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը:


Միաժամանակ, հարկ է նկատել, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։


- Ենթադրենք պետությունն առգրավում է որոշակի քանակի գույք: Ինչպե՞ս ծրագրում այն տնօրինել: Այժմ էլ պետության տնօրինության տակ կան մեծ արժեքով գույքեր՝ Մարզահամերգային համալիրը և Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որոնք դեռևս չի ստացվել աճուրդով վաճառել:


Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության։


Ապօրինի ծագում ունեցող գույքը հանձնվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ գույքի նպատակային և ծրագրային կառավարման, ներառյալ՝ հաշվառման, գնահատման, պետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման, պետական գույքի շրջանառության, ինչպես նաև գույքի պահպանվածության ապահովման ու կառավարման նպատակով, իսկ դրամական միջոցները միանգամից ուղղվելու են պետական բյուջե:


- Վերջին հարցը: Արդյոք կա՞ կապ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման ու նախկին իշխանության ներկայացուցիչների՝ գործող կառավարության դեմ կոշտ հայտարարությունների ու լրատվական արշավի միջև:


Օրենքն ուղղված է բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելուն: Հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների բռնագանձման կիրառումը վերահաստատում է կարևորագույն սկզբունք՝ ոչ ոք չպետք է եկամուտներ ստանա հանցավոր ճանապարհով։ Այս գործիքը չի թիրախավորում միայն նախկինում ձեռք բերված գույքը, այլ մեծապես ուղղված է հետագայում հանցագործությունների կանխարգելմանը։


Արշալույս Մղդեսյան


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66045