Բացառություն չի լինելու. ԱԺ-ում և կառավարությունում բոլորը պետք է դիմակ կրեն

Հայաստանում դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Այդ մասին Ազագյին ժողովում այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։


Նրա խոսքով, հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում կտուգանվեն՝ սկսած 100,000 դրամից: Նրա խոսքով, գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը չի թույլատվելու։ «Հանրային տրանսպորտը բացվում է որոշակի պայմաններով, դրանց չպահպանումը հետևանքներ է առաջացնելու շահագործողների համար», - ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ կարող են օգտվել տանը պատրաստված ինքնաշեն դիմակներից, անգամ՝ շարֆերից:


Հանրային տրանսպորտը, համաձայն կառավարության որոշման, կշահագործվի մայիսի 18-ից, իսկ դիմակների կրումը ՀՀ-ում պարտադիր կդառնա մայիսի 25-ից։


Ավինյանը նաև նկատեց, որ բացառություններ չի լինելու՝ դիմակ կրելը պարտադիր կլինի նաև պետական մարմիններում: Նա Ազգային ժողովի օրինակով խոսեց իրավիճակի մասին:


«Ազգային ժողովում հավաքը ամենառիսկային բան է, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Ավինյանը՝ ասելով, որ բացառությունների մասին խոսել պետք չէ, քանի որ խորհրդարանում և կառավարությունում վարակը տարածվել է:

«Ասեմ ձեզ ավելին՝ այս փուլում այս հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Սակայն այս հավաքը տեղի է ունենում, քանի որ այլընտրանք չկա: Մենք՝ և պատգամավորները, և՛ կառավարության անդամները պետք է առավելագույնս զգոն լինենք ու ծառայենք որպես օրինակ, քանի որ ՀՀ քաղաքացիները մեզ տեսնում են, և այո՛, պետք է պարտադիր կրել դիմակներ»,- ասաց Տիգրան Ավինյանը:


Պարետը նշեց նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը միջին օրական մահերից թվից ցածր է, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող գնալ վատ փորձ ունեցած երկրների սցենարով, երբ միջին օրական մահերը եռապատկվեն, օրինակ՝ 200 մահ, որոնից 100-ից ավելին կորոնավիրուսի պատճառով:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66018