«Լուսավոր Հայաստան»-ը որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որևէ կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ էլ իմքայլականների թվարկած ցանկացած նախկինների հետ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ խոսել Սերժ Սարգսյանի փեսա Մինասյանի հետ, Մարուքյանն այդ հարցը աբսուրդ որակեց, ապա նշեց, որ այսօր «պայմանական կարող է ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնել, զրպարտել, որն իրականությանը չի համապատասխանում»։ Իսկ նրանք, ովքեր դա պնդում են ու զրպարտում, նրանցից քիչ առաջ ապացույցներ են պահանջել, սակայն դրանք չեն ներկայացվել։  


«Այսուհետ երբեք «Լուսավոր Հայաստան» կուսակցության որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկիների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի։ Այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների, բայց դա չեղավ: Դիմում եմ լրագրողներին. այսուհետ ով այդ մասին խոսի, պետք է ասեք, որ ապացուցի, այլ ոչ թե ինձ ասեք, թե ով ինչ ասաց: Ստացվում է, որ մենք անընդհատ արդարանում ենք, մինչդեռ ընդհանրապես արդարանալու որևէ բան չունենք»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65892