Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ. ԼՀԿ-ն լքեց նիստերի դահլիճը

Ընդմիջումից հետո Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը: Նշենք, որ դահլիճում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Առաջին ելույթի հնարավորությունը տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով անդրադառնալով ԱԺ-ում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքին ասաց, որ միջադեպից անցել է երեք ժամից ավելի, բայց իրենք որևէ արձագանք չեն տեսել, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին։


«Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքներն ու Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել. տեղի է ունեցել քաղաքական երևույթ և պետք է դրան տրվի քաղաքական գնահատական: «Լուսավոր Հայաստանը» քաղաքական ուժերից և իշխող ուժից ակնկալում է ժողովրդավարական համակարգին հարիր քաղաքական գնահատական»,- հայտարարեց նա:


Միևնույն ժամանակ Մարուքյանը նշեց, որ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել, այլ միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ։ 


«Այն, ինչ տեղի է ունեցել մեծ հաշվով մեր խնդիրն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է։ Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում կախված քաղաքական գնահատականներից ու հետևանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքներն ու կհասկանանք՝ ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- ասաց Մարուքյանն, ինչից հետո խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65664