Մամուլ. Քանի հոգի՞ է լայքում-պահանջում Սերժ Սարգսյանի վերադարձը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի ներկայանալուց հետո ՀՀԿ-ականները բավականին ակտիվացել են և համացանցում արդեն իսկ պահանջում են Սերժ Սարգսյանի վերադարձը։ Օրինակ՝ ՀՀԿ-ի Շենգավիթի Երիտասարդական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում երկու օր է պարբերաբար տեղադրում է Սերժ Սարգսյանի լուսանկարները՝ դրանք մակագրելով. «Վերադարձ հանուն Հայաստանի», «Պահանջում ենք Սերժ Սարգսյանի վերադարձը»։ Այդ պահանջն ու լուսանկարները «լայքող»-սրտիկողները, սակայն, շատ քիչ են՝ 2-3, մի քանի լուսանկարի դեպքում մինչև 10 հոգի»։


«Իրատես» թերթը գրում է. «Արդեն անտանելի են դառնում երկրի վարչապետի ամենօրյա ու ամենժամյա սպառնալիքները, իր խոտանված, տապալված քայլերի, անլուրջ պահվածքի պատճառով «լայվ» անելն ու հաթաթաներ տալը։ Նախօրեին հերթական բռնկումն էր։ Եթե իշխանությունը մի ուղերձի նկարահանումը չի կարող նորմալ գլուխ բերել, ինչո՞ւ է Փաշինյանը դրա համար նորից անդրադառնում «վնգստացող» դատավորներին, գողացածը կոպեկ-կոպեկ հետ բերելուն, դղյակներ խլելուն եւ հավերժական ՍԴ-ին։ Վերջիններս ի՞նչ մեղավոր են, որ քո թիմում չկան վստահելիներ։ Ոչ մի ուժեղ իշխանություն չի կարող ձախողվել նախկինների «մնացորդների» պատճառով։ Պետք չէ սեփական ձախողումները վերագրել նախկին ռեժիմին կամ նրանց ժամանակներից պետական ապարատում աշխատող մարդկանց։ Եթե պետությունն իր տեղում է, համակարգը, ինստիտուտները ճիշտ աշխատում են, ոչ մեկը չի կարող դուրս գալ պետության դեմ։ Սակայն եթե նախկինում թալանի, կոռուպցիայի, հակահեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները հանրային որոշակի շերտի ականջն էին շոյում, այսօր դրանք ոչ միայն ոչինչ չասող բառեր են, այլեւ միայն հարցեր են առաջացնում։ Քաղաքացին իրավացիորեն պնդում է, որ «մուրճն» էլ, «մանգաղն» էլ Փաշինյանի ձեռքում են, ողջ օրենսդրական դաշտն էլ սեփական քիմքին հաճո փոխում ու վերաձեւում են, էլ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա կառավարել։


Հնարավոր չէ անընդհատ թիրախներ գտնել ու անհաջող կառավարման մեղքը նրանց վրա բարդել։ «Եկել է պետական ապարատը Սերժի մնացորդներից մաքրելու ժամանակը»,- նախօրեին կրկին հայտարարեց Փաշինյանը։ Հայտնի անեկդոտի հանգով՝ այս մարդն ուրիշ հերոսի անուն չգիտի՞։ Ինչքան ժամանակ պետք է Սերժն ու իր «մնացորդները» քեզ համար հերոս լինեն։ Իշխանափոխություն արեցիր` Սերժ Սարգսյանին ու «մնացորդներին» դարձնելով ազգի թշնամիներ, իշխանափոխությունն ավարտվեց, ամեն ամիս մի քանի անգամ էլի այդ «հերոսները» դառնում են մեղավոր չհաջողված այս կամ այն քայլի համար։ Տպավորություն է, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ օրում կտապալվի, նրա իշխանության ամենաամուր հենասյունը Սերժ Սարգսյանն է։ Միշտ կա նա, ում վրա կարելի է բարդել չհաջողված կառավարման մեղքը։ Անգամ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում սեփական թիմակիցները նրան այսքան չէին «հերոսացնում», ամեն հարցում այսքան մեծ ուժի գործոն չէին դարձնում, ինչն ամեն վայրկյան անում է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին` Սերժ Սարգսյանի գովազդով ոչ ոք այնքան չի զբաղվել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Իսկ քաղաքականությունում, ինչպես հայտնի է, սեւ PR-ն էլ PR է»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վարկանիշի լրջագույն կորուստ արձանագրած Նիկոլ Փաշինյանը, որին արդեն հարվածում են հենց թիմի խորքից` պարետատնից, սեփական լրատվամիջոցներից, կշարունակի իր նույն ձեռագիրը` «նախկինների» դեմ ռեպրեսիաների նոր փունջ կիրառելով, այս անգամ ոչ միայն «բռնագրավելով» նրանց տներն ու դղյակները, «լինչ» սկսելով դատավորների նկատմամբ, այլեւ արդեն իսկ «ուսումնասիրվել» եւ գործեր են նախապատրաստվել «անցանկալի» գործիչների ծանոթ-բարեկամ, վարորդ-ծնող, հարեւան-մոտիկ շառավղով: Ընդ որում, այդ «շառավիղն» անչափ լայն ընդգրկումով հասնելու է նաեւ թիմակից անցանկալիներին, որոնք ոչ միայն զգում են Նիկոլի բացթողումները, այլեւ շատ դեպքերում կառավարությունում, պարետատանը տեղի ունեցող քննարկումների ժամանակ ընդդիմանում են եւ ասում, որ ճիշտն այս ճանապարհով գնալն է, ինչն էլ ահավոր դուր չի գալիս Փաշինյանին: Ասում են` «համապատասխան» քայլերը չեն ուշանա, Փաշինյանը չի սպասի անգամ, որ արտակարգ իրավիճակն ավարտվի, կփորձի մի քանիսին «փռել ասֆալտին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, եւ եթե ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին: Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել` միայն ասելով, թե տեսաուղերձից 20 վայրկյան առաջ իմացել են, որ իրենք «լայվ» են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երբ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին` պատասխանելու հարցերին, պարզվում է՝ դրանք մի շարք նոր հարցեր են առաջ քաշել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տված տվյալների հիման վրա հանձնաժողովն այս օրերին քննարկում է եւս մի քանի անձի հրավիրելու եւ արդեն վերջնական եզրակացության տալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն քննարկվել է ապրիլի 27-ին նիստ հրավիրելու հարցը, որտեղ հնարավոր է վերը նշված ցանկի պաշտոնյաններից մեկը ներկա գտնվի: Բանն այն է, որ հունիսին ավարտվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքային ժամկետը, ու այլեւս հնարավորություն չկա այն երկարաձգելու, ինչի համար էլ հանձնաժողովը պետք է առաջիկայում արդեն ավարտի հարցաքննության իր աշխատանքները ու եզրակացություն ներկայացնի: Նշենք, որ ԱԺ իշխանական խմբակցության շատ պատգամավորների սրտով չէ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, կարելի է ասել, անցել է շատ մեղմ, ու կոշտ հայտարարությունները, որը պետք է արվեր հանդիպումից հետո, չեղան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ, ով հաստատեց առաջիկա նիստի մասին մեր լուրը: «Այո, նիստ լինելու է, բայց դեռեւս աշխատանքային քննարկում չենք արել, քննարկումը կանենք, կորոշենք ու կասենք: Ցանկալի էր, իհարկե, լսել նաեւ Յուրի Խաչատուրովին, իր տեսակետը, իր մեկնաբանությունը, բայց դե չեկավ, ոչինչ, կանենք առանց իրեն մնացածը», – նշեց նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են հայտնի դառնում քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից: Ակտիվ հարցադրումներ է արել հատկապես բանակում չծառայած Արեն Մկրտչյանը՝ հարց է հնչեցրել բանակում առկա կոռուպցիայի մասին` «մի քանի միլիոն դրամի հասնող բացահայտումներին առնչվող»: Սերժ Սարգսյանն ասել է, որ դատապարտում է նման երեւույթները, որ իրենք բանակի վրա տրիլիոնների հասնող ծախսեր են արել, «դուք հիմա խոսում եք մի քանի միլիոնի մասին, ու եթե այդ բացահայտումներն այդ մեծ թվերի մեջ շատ չնչին տոկոս են կազմում, ապա պետք է հասկանալ՝ որքան լավ է եղել վիճակը, որ ընդամենը այդքան փոքրիկ բացահայտումներից եք խոսում»:  Հետաքրքիր դրվագ է արձանագրվել զոհերի թվի հարցի ժամանակ․ Արեն Մկրտչյանը փորձել է ճշտել` Ադրբեջանն արդյոք հասե՞լ է իր քաղաքական նպատակներին, եւ իրականում ինչքան զոհ է եղել: Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ինձ չեք հավատում, գոնե ձեր վարչապետին հավատացեք, նա իր ասուլիսում նշել է թվերը, ասել է, որ Ադրբեջանի կողմից 1000-ից ավել զոհ է եղել»: Ինչ վերաբերում է 800 կամ 400 հեկտար հողի կորստին, Սարգսյանն ասել է` ֆիլմի ռեժիսուրային վերաբերող հարցեր մի տվեք. ես տարբեր հաշվարկների մեթոդաբանությունը հաշվի առնելով եմ սկզբում մեծ թիվ նշել, որ հետագայում շահարկման թեմա չդառնա` իրականում 400 է: Քննարկման ընթացքում փոխադարձ հարցուպատասխանի արդյունքում Արեն Մկրտչյանը հարցրել է, թե ինչու է հետախուզությունը թերացել։ Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքել է` հետախուզության համար պատասխանատուին դուք շատ բարձր եք գնահատել` մի քանի անգամ բարձր պաշտոնի եք նշանակել, ես իրեն թերացման համար աշխատանքից ազատել էի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ինձ բնավ չի հետաքրքրում՝ ով է մեղավոր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազալու կամ գլուխ քորելու կադրերը հայտնվել են համացանցում: Մտահոգիչ երկու հանգամանք կա. երկու տարվա փորձառություն ունեցող «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում ու, ի վերջո, ինչի մասին էր իբրեւ թե կորոնավիրուսի մասին այդքան չարչրկված ուղերձը: Ո՞ւմ պայծառ գլխում է ամեն անգամ միտք հղանում, որ վարչապետի ելույթի համար սեւ, ոչինչ չասող ֆոն պետք է ընտրել: Որտե՞ղ են դրոշն ու գերբը, աշխարհում կա՞ մեկ այլ երկիր, որի առաջին դեմքը պետական խորհրդանիշերի բացակայությամբ է ուղերձ հղում: Պատին հենած դրոշի համար տեսախցիկների առջեւ երիտասարդի վրա մուննաթ եկող վարչապետի մտքով չի՞ անցնում իր ելույթներից բացակայող դրոշի ու գերբի համար իր օգնական-խորհրդականներին «ասֆալտին փռել»:


Դա ոչ թե ուղերձ, այլ փողոցային լոզունգները կրկնելու ու մարդկանց հիշողությունը թարմ պահելու ձեւ էր ընդամենը: Փաշինյանի թիմի անտեղյակությունն արարողակարգային նորմերին, ցավոք, միջազգային ասպարեզում նույնպես նկատելի է: Փետրվարի 15-ին Քուվեյթի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, օրինակ, երկու երկրների ձեռքսեղմման ու լուսանկարվելու արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բացակայության պայմաններում: Վարչապետին ուղեկցող թիմը դա երեւի չի էլ նկատել: Խնդիրը նաեւ պետական այլ ապարատներում է առկա: Օրերս, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանի բակում նրան ԱԺ նախագահը, փոխնախագահները կամ որեւէ այլ պատգամավոր չդիմավորեցին: Անկախ ամեն ինչից՝ եթե Սարգսյանը համաձայնել ու եկել էր, ապա իշխանությունները պետք է մի կողմ դնեին անձնական ամբիցիաներն ու թեկուզեւ անձնազոհաբար ըստ արարողակարգի շարժվեին: Դա բացառապես նրանց վեհանձնության մասին էր խոսելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է, եւ դա ոմանք ընկալեցին Նիկոլ Փաշինյանի՝ «սերժական կադրերից ազատվելու» նախօրեի խոստման կոնտեքստում։ Թեեւ նա ԱԳ փոխնախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր եւ ունի հարուստ աշխատանքային կենսագրություն։ Աշխատել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, համատեղության կարգով՝ ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում, Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գլխավոր խորհրդական եւ այլն։ Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել, որ չգնա։ Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու «Արարատ բանկում»՝ որպես խորհրդի նախագահ։ Բանկը, հիշեցնենք, պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։ Իսկ Հովհաննիսյանը Բարսեղ Բեգլարյանի սանիկն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոննների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել: Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել եւ դիմել է դատարան։ Եվ, ահա, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին եւ 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով հայցը եւ անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները եւ Երեւանի քաղաքապետի կարգադրությունները: Ստացվում է` արդեն մեկ տարի պաշտոնավարող անձինք ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում են նշանակվել։ Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանում «բեսպրիդել» է. ում ցանկացել, անցկացրել են եւ մի բան էլ դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձելով այդպես ժամանակ շահել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը 3 որդի ունի: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ երկու որդիները չեն ծառայել բանակում, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով: Փորձեցինք հարցերի պատասխանը ստանալ զինվորական դատախազ Վահե Հարությունյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, ասաց՝ դիմե՛ք լրատվական բաժին: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հայտնեցին. «Ձեր ունեցած տեղեկությունները մեծ չափով իրականությանը չեն համապատասխանում: Նախ՝ զինվորական դատախազը ձեր նշած զորակոչի տարիքի որդի չունի: Երկրորդ՝ նրա որդիները հաշվառված են պահեստազորում, նրանք զինվորական ծառայությունից ազատվել են՝ օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ հետազոտությունների եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից հաստատված՝ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ ընթացքում Վ. Հարությունյանը չէր զբաղեցնում ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, ինչը փաստում է, որ անհիմն են նրա պաշտոնեական կարգավիճակի հետ կապելու բոլոր փորձերը: Իսկ իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք դիմել իրավասու պետական մարմնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հաշվի առնելով, որ վերջինս է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում տվյալ տեղեկատվությունը տնօրինող մարմինը»:


«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ համարում՝ «Իշխանությունն այս անգամ էլ «աչքը դրել» է «Հայփոստի» վրա» վերտառությամբ տպագրված մեր լուրը երեկ հաստատվեց։ Խոսքը «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի փոփոխության մասին է։ Երեկ արդեն աշխատողներին է ներկայացվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Հայկ Կարապետյանը։ Վերջինս աշխատել է «Բիլայն» ընկերությունում՝ որպես կոմերցիոն բաժնի ղեկավար։ Ի դեպ, նախօրեին վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ ներկայացվել է ընկերության զարգացման հայեցակարգը, «Հայփոստից» ոչ մի ներկայացուցիչ չի եղել, այսինքն քննարկել են կառույցի զարգացման հեռանկարները՝ առանց նրանց, սա եւս ազդակ է եղել նախկին տնօրենին, որ իշխանության համար ինքն այլեւս անցանկալի է։ ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Հայկ Ավագյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից։ Սակայն մեկ այլ ուշագրավ դրվագ. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ըստ մեր տեղեկությունների, տեղի է ունեցել օրենքի խախտմամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո նախագահի հաղթող թեկնածու Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների փուլ է սկսել: Նպատակը՝ խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովումն է, որը, ամենայն հավանականությամբ, կապահովվի ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի 2 եւ ՀՅԴ-ի 3 մանդատների շնորհիվ: Արդյունքում այդ ուժերը նախարարական պորտֆել կստանան կառավարությունում: Չի բացառվում, որ ԱԺ մուտք չգործած ուժերի եւ անհատների հետ եւս քաղաքական պայմանավորվածություններ լինեն: Վիտալի Բալասանյանն իր քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի ընդդիմադիր հիմնական թեւն իրենք են լինելու, եւ այս պայմաններում նպատակահարմար չի գտնում որեւէ ձեւաչափով համագործակցել Արայիկ Հարությունյանի հետ։ Սամվել Բաբայանը չնայած կամուրջները չի այրել, սակայն այս փուլում ինքն էլ նպատակահարմարություն չի տեսնում: Իրավիճակի այս սցենարով գնալու դեպքում խորհրդարանի 33 մանդատներից 21-ը կտնօրինի իշխող քաղաքական թիմը, իսկ 12-ը՝ ընդդիմությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին պատգամավորները կորոնավիրուսի թեստեր են հանձնելու։ ԱԺ-ում խուճապ էր՝ լուր էր տարածվել, որ վարակման դեպք է գրանցվել, սակայն ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը հերքեց այդ լուրը՝ պրոֆիլակտիկ թեստավորում է։ Տեղեկություն էինք ստացել նաեւ, որ ԲՀԿ-ից պոկված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել։ Նա ասաց․ «Ես հենց հիմա թոքաբորբ եմ տանում, մոտ 2 շաբաթ առաջ թեստավորվել եմ, հետո երկրորդ անգամ եմ թեստավորվել, օրերս էլ՝ երրորդ։ Թեստերի պատասխանները, մեղմ ասած, չեն համապատասխանում այն ախտանիշներին, որոնք արձանագրել են բժիշկները»։ Թեստերն, ըստ պատգամավորի, բացասական են»:


«Փաստ» թերթը գրում է. «Հաճախ է խոսվում այն մասին, որ մարդիկ կարող են, օրինակ՝ վարակված լինել կորոնավիրուսով, բայց անգամ չիմանալ այդ մասին, եւ վիրուսը, հանդիպելով մեր օրգանիզմի դիմադրությանը, ընկրկի: Այս օրերին հատկապես սոցցանցերում մարդիկ հետաքրքրվում են՝ հնարավո՞ր է իմանալ՝ մարդը նախկինում արդեն վարակվե՞լ է, թե՞ ոչ: «Փաստը» հարցում էր ուղարկել առողջապահության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե կորոնավիրուսի ներկայիս թեստերը հնարավորություն տալի՞ս են պարզելու ոչ միայն տվյալ պահին մարդու մոտ վարակի առկայությունը, այլ նաեւ այն, թե արդյոք վերջինս շատ ավելի վաղ եղե՞լ է վարակված: Առողջապահության նախարարությունն ի պատասխան մեր հարցման նշել է, որ «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով նախարարության կողմից լաբորատոր հետազոտությունն իրականացվում է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով, որը թույլ է տալիս գենային մակարդակում հայտնաբերել հիվանդության առկայությունը՝ անգամ վիրուսի նվազ չափաքանակների պարագայում»: Քանի որ խիստ մասնագիտական տերմիններով այս պարզաբանումը հանրության առավել լայն շերտերին ընկալելի դարձնելու կարիք ուներ, դիմեցինք առողջապահության նախարարություն՝ խնդրելով առավել հանրամատչելի բացատրել: «Փաստին» նախարարությունից փոխանցեցին՝ վերը նշված մեթոդը թույլ է տալիս մարդու օրգանիզմում հայտնաբերել վիրուսի առկայությունը կոնկրետ տվյալ պահին»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Թվում է, թե Հայաստանում ներգաղթն ապահովելու համար պետք է ստեղծված լինեին բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները եւ այն խթանող գործոնները: Բայց պարզվում է, որ մեր մաքսային օրենսգրքում մինչ օրս գործում են այնպիսի դրույթներ, որոնց համաձայն Հայաստան մշտական բնակության համար ժամանող մեր հայրենակիցները եւ նման ցանկություն հայտնած այլ ազգերի ներկայացուցիչներ պատկառելի մաքսավճարներ են մուծում սեփական տան ապրանքները Հայաստան բերելու համար՝ հաճախ այդ վճարումների մասին իմանալով վերջին պահին՝ մուտքի մաքսակետում: Փաստն անտրամաբանական է՝ հատկապես պետականորեն իր առջեւ բնակչության աճի խնդիր դրած պետության համար: Եթե նույնիսկ այս երեւույթը շատ դեպքերում վճռորոշ դեր չի ունենում Հայաստանում մշտական բնակություն հաստատելու՝ անձանց որոշումների վրա, այնուամենայնիվ, ներգաղթի համար բարենպաստ պայմաններ ապահովելու առումով էական բացթողում է: Իսկ ներգաղթ դեպի Հայաստան, չնայած փոքր ծավալներով, բայց կա եւ վերջին երկու տարվա համամասնություններով նույնիսկ այդ ցուցանիշների աճ է գրանցվել: 2017 թ. Հայաստանում մշտական կացության կարգավիճակ է ստացել 1,301 մարդ, ովքեր հատուկ եւ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների հետ միասին կազմել են 6,042 մարդ: 2019 թ. արդեն Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը հասել է 7,986, որից 2,079-ը ցանկացել են մշտապես բնակվել հանրապետությունում: Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար վերադարձածների գերակշիռ մասը մերձավոր սփյուռքի ներկայացուցիչներ են: Ներգաղթի խնդիրների լուծումներ է նախատեսվում Ազգային ժողովի վերջին քառօրյայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Կառավարությունն առաջարկում է հողատարածքի նպատակային նշանակության փոփոխության պարզեցված մեխանիզմ, եթե այդ տարածքում կառուցվելու է ջերմոցային տնտեսություն, անասնապահական-թռչնաբուծական ֆերմա, պտուղ-բանջարեղենի պահպանության սառնարան, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսություն, սպանդանոցներ և ձկնաբուծական արհեստական լճակներ: Այս փոփոխությունը կխթանի գյուղական համայնքներում վերոնշյալ գործունեության տեսակների զարգացումը և այդ ոլորտներում իրականացվող ներդրումների մեծ հոսք կապահովի»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի երրորդ անգամ աճուրդի հանելու օրը` ստեղծված իրավիճակով պայմանավորված, դեռևս հստակ չէ, չնայած նրան, որ սովարական պայմաններում այս օրերին պետք է արդեն իսկ աճուրդը տեղի ունենար: ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակից հետո հավանական է, որ աճուրդը կլինի: Հարցին` հնարավո՞ր է, որ իրավիճակն ազդած լինի հյուրանոցը վաճառելու վրա, և պետությունը որոշի այն հանձնել հավատարմագրային կառավարման, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ աղմուկն ինչ-որ բացասական հետևանք կարող է ունենալ ռեալ գնորդի դեպքում: Սակայն այս պահին ոչինչ չեմ կարող բացառել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում սպանդանոցային մորթի մասին օրենքը, որը հետաձգվել էր ընդամենը հինգ ամսով՝ այն հաշվարկով, որ մարզերում կառուցվեին նոր սպանդանոցներ և հասանելի լինեին անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին: Մարզպետարանները արդեն իրազեկում են մսավաճառներին և ֆերմերներին, որ նրանք նախապատրաստվեն նոր կարգավորումներին: Սակայն որոշ ֆերմերներ և մսավաճառներ համոզված են, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ օրենքի գործադրումը պետք է կրկին հետաձգել, քանի որ սպանդանոցներ չեն կառուցվել կամ կառուցվել են ոչ բավարար քանակի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունու Գլինկայի փողոցում գտնվող Թեթև արդյունաբերության քոլեջը ժամանակին վիթխարի շինություն էր՝ իր ենթակառուցվածքներով։ Այն 2000-ականների սկզբին գրեթե 2-սենյականոց բնակարանի գնով սեփականաշնորհվեց 1995-1996թթ. Ազգային ժողովի հետ կապերի գծով նախկին նախարար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բարեկամ Արսեն Քամալյանի կողմից և դարձավ նախարարի մոր ու քրոջ ղեկավարմամբ մասնավոր դպրոց։ Հետագայում այդ շինության առաջին հարկում որպես Էրեբունու նոտար հաստատվեց նախարարի աղջիկը՝ Նոնա Քամալյանը։ Ավելի ուշ նրանց միացավ-բարեկամացավ դատավոր Ավագյանը՝ ամուսնանալով նախարարի աղջկա հետ։ Նման դեպքեր Երևանում, և ոչ միայն, հարյուրավոր են։ Եվ հարց է առաջանում՝ դրանք կտեղավորվե՞ն ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում, թե՞ այդպես էլ կմնան մոռացված, ու ամեն ինչ կհամարվի «օրինական»»։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/64582