Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:


«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»,-հայտարարել է Փալոնեն  Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում:

Նա նաև նշել է, որ պետք է ձգտեն ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցությունը:

Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնեն ՝ իր առողջնորդության համար, որ ցուցաբերել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցում։ Այդ օգնությունը միայն հզորացրել և ոգեշնչել է Ադրբեջանին ՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:

VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 30-ին Ադրբեջանը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: Վերջինս վիրահատվել է, այնուհետ տեղափոխվել Երևան: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63537