ՀՀ նախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների հետ: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:


Հանրապետության նախագահը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների նվազեցման և տնտեսության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների, սոցիալական բեռի թեթևացմանն, աշխատաշուկայի խնդիրների լուծմանը միտված քայլերի մասին:


Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում և առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն այս ոլորտներում:


Հանրապետության նախագահը դեսպանին խնդրել է իր զորակցության խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակի, դրա հաղթահարման և լուծումների առնչությամբ կողմերի միջև անմիջական կապի միջոցով պարբերաբար տեղեկությունների փոխանակման վերաբերյալ:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախագահական ATOM նախաձեռնությանը: Դեսպան Կիշան Դան Դեվալն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է այդ նախագծի շրջանակներում համագործակցությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63396