Մամուլ. Ո՞վ է ցուցմունք տվել Գագիկ Բեգլարյանի դեմ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ ԱԱԾ-ում քննվող քրգոծի շրջանակում Գագիկ Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելն՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։ Նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ։ Նույն տեղեկատվության համաձայն՝ «Վաղարշ և որդիներ» ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը շինարարություն իրականացնելու համար խոշոր կաշառք է տվել նախկին քաղաքապետին։ Վաղարշ Աբրահամյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ այս մեղադրանքները, որոնք առաջադրվել են Գագիկ Բեգլարյանին, կապված չեն իր գործի հետ, այլ նրա նախարար եղած ժամանակ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հետ։ «Ես կարդացի առաջադրված մեղադրանքները, և եթե դուք էլ նայեք, ապա կտեսնեք, որ դա հյուսիս-հարավ ճանապարհի թալանն է։ Նրա նախարար աշխատած ժամանակահատվածի մասին է խոսքը։ Դա մեր հետ կապ չունի։ Բայց հետո չգիտեմ ինչպես կստացվի, մեր գործի հետ ինչ կլինի»։ «Պարոն Աբրահամյան, Գագիկ Բեգլարյանի հետ կապված Դո՞ւք եք հաղորդում տվել ազգային անվտանգության ծառայությանը, Դուք եք ասե՞լ, որ 75 հազար ԱՄՆ դոլար կաշառք եք տվել վերջինիս»։ «Ես չեմ տվել հաղորդումը, կարող եք քննիչից իմանալ այդ մանրամասները, հեռախոսով էլ չեմ ցանկանում նման թեմաներ քննարկել։ Կարող եք դիմել ու քննիչից իմանալ ով է դիմել, ինչ է ասել, ոնց է ստացվել ու ինչից է ստացվել»»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Մեր տեղեկություններով՝ այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդիպում կունենա խորհրդի անդամի թեկնածուի հետ։ Հիշեցնենք, որ ամռանը լրանալու է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, եւ իշխանությունները, փաստորեն, արդեն ունեն իրենց թեկնածուն։ Իսկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ այդ հարցը կքննարկվի արդեն մարտի 31-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարտին Գալստյանը Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է եղել, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ դեռ իշխանությունը ՀՀԿ-ականների ձեռքում էր, նրանք են առաջադրել Գալստյանի թեկնածությունը ԿԲ խորհրդի կազմում։ Հավելենք, որ տեւական ժամանակ խոսք էր գնում, թե ԿԲ ապագա նախագահը լինելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բայց, կարծես թե, իշխանությունների պլաններում բան է փոխվել, եւ այլ թեկնածու է ի հայտ եկել: Դե, իհարկե, չպետք է բացառենք, որ ԱԺ-ն կարող է տապալել նաեւ ԿԲ նախագահի նշանակման գործընթացը, ինչպես եղավ ԲԴԽ նախագահի, ՍԴ անդամի մի քանի թեկնածուների դեպքում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նշենք, որ հանձնաժողովը ձեւավորվել էր վեց ամսով, սակայն ժամկետը երկարաձգվեց եւս կես տարով, որպեսզի հանձնաժողովականները հասցնեն ձեռք բերել արժեքավոր տեղեկություններ եւ ամփոփեն` ինչու, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմը, ով ինչպես թերացավ, եւ ինչու կորցրեցինք 800 հա հողատարածքը: Հանձնաժողովը ԱԺ-ում աշխատում է հատուկ սենյակում, որտեղ չկան «ժուչոկներ», ապահովված է գաղտնիությունը: Պատգամավորների հետ հանդիպման են եկել ՊՆ տարբեր պաշտոնյաներ, սակայն մինչ օրս հանձնաժողովն իր առջեւ դրած գերնպատակին չի հասել. Սերժ Սարգսյանը չի եկել ու չի պատասխանել պատգամավորների հարցերին:


Oրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ չի ներկայանալու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, եւ երբ ստացել է հանձնաժողովի գրությունը` ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որեւէ լիազորություն չունի նրան պարտադրելու: Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձեւակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական եւ քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել, հետեւաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Անդրանիկ Քոչարյանի հետ` պարզելու, թե ինչու Խաչատուրովը մերժեց հանձնաժողովին: «Նա ոչ թե խուսափում է, այլ, իմ կարծիքով, սարսափում է: Պրոբլեմը ինքը չի, հաստատ, իրեն ուժեր են ասում, որ հանկարծ չգնաս, որովհետեւ իրենք գիտեն, որ այստեղ եկել են բոլորը, հիմնականում մնացել են երկուսը»,- ասաց Քոչարյանը` նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, որը եւս, ըստ ամենայնի, չի ընդունի հանձնաժողովի հրավերը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում հաշվարկել են, որ իրենց երկրում կորոնավիրուսի համաճարակի պիկը կլինի երկու շաբաթ անց, իսկ արդեն չորս շաբաթ անց այն կսկսի էականորեն նվազել: Դրանից հետո իշխանությունները խոստանում են զգալիորեն թուլացնել համաճարակի տարածման դեմ կիրառվող սահմանափակումները: Թերևս լավ կլինի, որ Հայաստանի իշխանությունները ևս որոշակի հաշվարկներ և ժամկետներ նշեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծում՝ այնտեղ ավելացնելով այսպիսի դրույթ. «Եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների և խստացումների, ինչի հետևանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց և եկամուտներից` օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ»: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ուրիխանյանը ևս ունի վարկեր, և այս օրենքի փոփոխության նախագիծը ուղղված է հենց իր անձնական շահերի սպասարկմանը»:


«Փաստ» թերթը գրում է. «Ստեղծված ճգնաժամային իրավիճակը առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Եվ քանի որ արտակարգ դրության արդյունքում ի հայտ են եկել նաև մի շարք տնտեսական և ֆինանսական պրոբլեմներ, ապա իշխանությունների խնդիրն է լինելու դրանք լուծելը և հաղթահարելը։ Ընդ որում, այս հարցում կառավարությունը պետք է գործի արագ և ժամանակ չկորցնի, որպեսզի երկրում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացում տեղի չունենա։ Եվ պատահական չէ, որ իշխանություններն այս օրերին անընդհատ խոսում են հանրության տարբեր հատվածներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, սակայն նրանք ոչ բոլոր խնդիրներին են անդրադառնում, որ այսօր հուզում է հանրությանը։ Իսկ այդպիսի խնդիրների բարձրաձայնումը տեղի է ունենում ընդդիմության միջոցով։ Եվ այսօր հանրությանն ամենաշատ հուզող թեմաներից մեկն էլ վարկային և հարկային պարտավորությունների կատարման հարցն է, որի վերաբերյալ էլ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղվեցին վարչապետին, բայց, ի զարմանս բոլորիս, վարչապետ Փաշինյանը դուրս եկավ հունից՝ խոսելով անընդունելի բառապաշարով և անպատասխանատու հայտարարություններ անելով։


Վերջինս փոխանակ բացատրեր ստեղծված իրավիճակը և հիմնավորեր, թե հանրության որ հատվածները կարող են օգտվել արտոնություններից և վարկային արձակուրդից և այլն, «մուննաթ» է գալիս պատգամավորների վրա։ Եվ իրավիճակն այնպես է ներկայացնում, որ իբր ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իշխանությունը ցանկություն չունի օգնել քաղաքացիներին։ Վարչապետի պաշտոնն ընդհանրապես, իսկ ճգնաժամային իրավիճակում՝ առավել ևս, շատ պատասխանատու կեցվածք է ենթադրում, սակայն Փաշինյանի հայտարարությունները անպատասխանատու և պոպուլիստական մոտեցման մասին են վկայում։ Ի՞նչ է նշանակում հայտարարել, թե «եկեք օրենսդրական նախաձեռնություն արեք, բոլոր ՀՀ քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Եվ առաջին հերթին դրա համար քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավել»։ Վարչապետը չի պատկերացնում, որ ԱԺ ամբիոնից չի կարելի նման հայտարարություններ անել, քանի որ Հայաստանում պետք է օրենքով պաշտպանված լինի ցանկացած քաղաքացու սեփականությունը, և առանց իրավական հիմքերի խոսել այդ մասին ուղղակի անընդունելի է։ Ու սրանից հետո էլ Փաշինյանը խոսում է իրավական պետություն կառուցելու մասին։


Ընդհանրապես, ինչո՞ւ է երկրի վարչապետը ծանր տանում ցանկացած քննադատություն և հարցադրում։ Եթե երկրի ղեկավարը ցանկացած քննադատությունից պետք է էմոցիաների ազդեցության տակ դուրս գա ինքնատիրապետումից, ապա այսպիսի իրավիճակները իրենց բացասական կնիքը կթողնեն ոչ միայն վերջինիս քաղաքական գործունեության և վարկանիշի վրա, այլև վատ կանդրադառնան նաև պետության իմիջի վրա։ Չէ՞ որ այդ նիստերին հետևում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև մեր արտասահմանյան գործընկեր երկրները և ոչ միայն։ Ըստ ամենայնի, հասկանալի է, որ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, թե իրենցից շատ ոչ ոք քաղաքացիների մասին չի մտածում, սակայն դա պետք է լինի իրական աշխատանք կատարելու միջոցով, այլ ոչ թե ընդդիմության ներկայացուցիչների վրա ցեխ շպրտելու։ Ընդդիմության և մամուլի ցանկացած քննադատության ու հարցադրման պետք է վերաբերվել համբերատարությամբ և փորձել ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են արվում և այլն։ Սակայն դրա փոխարեն իշխանությունը նորից անհանդուրժողականություն և մեծամտություն է դրսևորում՝ ելնելով այն մոտեցումից, որ, միևնույն է, իրենք են լեգիտիմ իշխանությունը, որը կարողացել է հավաքել ժողովրդի մեծամասնության քվեն, իսկ իրենց որոշումներն ուղղակի քննադատության ենթակա չեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ» ծառայությունը երեկ քաղաքացիներին տեղեկացրել է, որ նրանք Վրաստանում գտնվող մեքենաները կարող են Հայաստան ներմուծել միայն գործող արգելքները չեղարկելուց հետո: ՊԵԿ աշխատակիցները տեղեկացնում են, որ երեկվանից Վրաստանը որոշակի արգելքներ է սահմանել նաև բեռնափոխադրումների համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից առանձնահատուկ կարեւորվում է գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեությունը, մասնավորապես` կոոպերատիվների ձեւավորման միջոցով: Այս մասին գրեթե ամեն հարմար առիթով բարձրաձայնում են ոլորտի մասնագետները՝ վերահաստատելով այն պնդումը, որ կոոպերատիվների միջոցով հեշտ է հասնել ցանկալի արդյունքի։ Հընթացս շատ է խոսվել այն մասին, որ կոոպերացիայի խթանման քաղաքականությունն ագրարային ոլորտում վարվող պետական քաղաքականության կարեւոր բաղկացուցիչներից է: Երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց ՀՀ գյուղաբնակներին հատուկ առաջարկ ներկայացնել, որպեսզի նրանք կազմեն գյուղական կոոպերատիվներ եւ դիմեն կառավարությանը՝ պետական միջոցներով վարկեր ստանալու համար։ Իր այս քայլով կառավարությունը ցանկանում է մեղմել ՀՀ-ում ներկայումս ստեղծված իրավիճակը: Ինչ խոսք, նախաձեռնությունը բավականին լավն է եւ գովեստի արժանի, սակայն այս պատմության մեջ առավել ուշագրավն այն է, որ կառավարությունը ռազմավարական ոլորտ է հռչակում գյուղատնտեսությունը՝ նույն այն ոլորտը, որը չնայած Հայաստանի նման պետության համար այնչափ կենսական նշանակություն ունի, սակայն առանձին նախարարություն պահելու կարիք չզգացվեց: Իսկ ինչ վերաբերում է կոոպերատիվներ կազմելուն, ապա այս գաղափարը նոր չէ, այն նախկին «կոռումպացված ռեժիմի» վարչապետ Կարեն Կարապետյանի նոու-հաուն էր։ Հենց Կարեն Կարապետյանն էր, որ ցանկանում էր եւ արդեն նախաձեռնել էր, իր խոսքերով ասած, «գյուղատնտեսական սպեցնազ» ստեղծել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել էր վերացնել տալ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով կարճված գործը եւ նոր քննություն սկսել: Խոսքը ժամկետային զինծառայողի մորաքրոջ կողմից Ռազմական ոստիկանություն ահազանգի մասին է, որին ընթացք չէր տրվել. Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր 2020 թվականի փետրվարի 5-ին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրել է իր մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորի մարաքույրն ու գլխավոր դատախազը մոտ 40 րոպե զրուցել են, որի ընթացքում դատախազը, զինվորական դատախազը համոզել են նրան չկաշկանդվել, իրավապահներին հայտնել այն, ինչի մասին ամիսներ առաջ ահազանգել է ՌՈ թեժ գիծ: Սակայն հանդիպումից մի քանի օր անց, երբ զինվորական քննչական բաժնի քննիչները զինվորի մորաքրոջը հրավիրել են հարցաքննության, տիկինը զայրացել է քննիչների վրա եւ ասել, որ իրեն հանգիստ թողնեն։ Ու թեեւ նա հրաժարվել է խոսել, սակայն իրավապահները հեռախոսային խոսակցությունների արդյունքում որոշ բաներ, այնուամենայնիվ, կարողացել են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազը որեւէ նման հանդիպում չի ունեցել: «Զինվորական դատախազի մոտ է եղել ընդունելություն՝ կայազորի դատախազի մասնակցությամբ, սակայն որեւէ մեկին որեւէ բան համոզելու խնդիր չի եղել. պարզապես հորդոր է հնչել», – նշեցին դատախազությունից»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում ընտրությունները կազմակերպվում են ԿԸՀ կողմից ձեւավորված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Ներկայումս Հայաստանում գոյություն ունի 41 տարածքային հանձնաժողով, որոնք բաշխված են ըստ ընտրատարածքների։ Հանձնաժողովներից 10 ընդգրկում են Երեւանի համայնքները, մնացած 31-ը համապատասխանաբար բաշխված են հանրապետության ողջ տարածքով։ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ գործող իշխանությունը քննարկում է ՀՀ ընտրական քարտեզը վերաձեւափոխելու եւ իրենց քիմքին հաճելի բաշխվածություն ապահովելու հարցը։ Ընդ որում, ներկայիս վիճակը չի խանգարում, որ այդ թեմայով քննարկումները շարունակվեն: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ, մարզային որոշ հատվածներում համայնքային խիտ բնակեցվածության հետ կապված, վերահսկելիության առումով որոշ վերահսկելի խնդիրներ են առաջանում։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել փոխել առկա ընտրական քարտեզը՝ իրենց համար ռիսկային տարածքները վերաձեւափոխելու միջոցով։ Ի դեպ, ժամանակին նախկին իշխանությունները նույնպես տարածքները «դասավորել» էին իրենց քաղաքական քմահաճույքին համապատասխան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և այդ հիմքով մարտի 31-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հետաձգելու առաջարկով: Հնարավոր է, որ այս առաջարկը Բակո Սահակյանի սրտով լինի, քանի որ դրա արդյունքում կերկարաձգվի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքը: Բայց արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ դա կարող է ներքաղաքական լուրջ լարվածություն և իշխանության վակուում առաջացնել: Խնդիրն այն է, որ Բակո Սահակյանը առանց այն էլ արդեն երեք տարի անցումային նախագահ է, և նրա լեգիտիմությունը կասկածի տակ է արդեն երեք տարի: Իսկ նման պայմաններում լեգիտիմ իշխանություն ձևավորելուց հրաժարվելը ավելի ծանր հարված կլինի, քան ցանկացած համաճարակի ենթադրյալ վտանգ»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ինտենսիվ բանակցություններ են տանում սփյուռքի տարբեր գործարար շրջանակների հետ՝ կապված համաշխարհային տնտեսության մեջ կանխատեսվող շրջադարձերի հետ. այդ բանակցությունների նպատակն է՝ այս ուղղությամբ հատուկ մշակված նոր քաղաքականություն տանելը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ սփյուռքի բիզնես շրջանակները չփոխեն իրենց բիզնես մտադրությունները։ Իշխանությունները հասցեական փորձում են աշխատել, որպեսզի ճգնաժամը ոչ միայն չչեղարկի նրանց մտադրությունները Հայաստանի հետ կապված առանց այն էլ սակավաթիվ ներդրումների հարցում, այլ հակառակը՝ Հայաստանը դիտակել որպես համաշխարհային ճգնաժամի պայմաններում առավել գրավիչ այլընտրանք: Մասնավորաբար, հայաստանյան իշխանությունների նպատակն է ամեն գնով ապահովել գործարար այդ շրջանակների օրգանական ներգրավվածությունը հայաստանյան քննարկումներին: Խնդիրն այն է, որ այդ քննարկումները պետք է ներառեն ոչ միայն զուտ հակաճգնաժամային հարցեր, այլեւ Հայաստանի տնտեսության վերակառուցման խնդիրներ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կսահմանվի վարորդական վկայական ստանալու համար քննություններ անցնելու եւ վարորդական վկայական տալու նոր կարգ։ Բացի այդ, կսահմանվի նաեւ վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՀՀ ճանապարհային ոստիկանություն դիմած առաջին խմբի վարորդի թեկնածուն կամ վարորդը պետք է ծանոթանա տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկին, լրացնի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիրը։  Բժշկական հակացուցման առկայության վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է: Բացի այս, գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնց շուկայական արժեքը կազմում է 300 հազար դրամ յուրաքանչյուր քննական տրանսպորտային միջոցի համար։ Մեկ քննական ստորաբաժանմանն անհրաժեշտ է 22 տրանսպորտային միջոց։ Կարճ ասած, անհրաժեշտ է թվով 88 հատ տրանսպորտային միջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է 859 մլն դրամ։ Սակայն ուշագրավ է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների կարիք ունի եւ այդ գումարի հարցով դիմել է գործադիրին»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձանագրվել, որոնց համար վարչական տույժի կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը: ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝ պարետատանը կից ձեւավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը:  Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաեւ համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա տեղեկատվության պահանջը: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ հանրապետության ԶԼՄ դաշտը եւ սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսեւորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է: Պատմության դժվար ճամանակահատվածներում միասնաբար հանդես գալու այս երեւույթը միշտ էլ եղել է՝ բարձրացնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր ժողովրդի գործողությունների արդյունավետությունը»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Համաշխարհային ճգնաժամը` կապված կորոնավիրուսի տարածման հետ, ցուցադրեց գլոբալիզացիայի գաղափարի թուլությունը: Այսպիսին է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինի կարծիքը: Ընթացիկ ճգնաժամը բացահայտեց Ֆրանսիայի եւ մյուս երկրների` նախկինում թերագնահատված խոցելիությունը, ռազմավարական կարեւորության ապրանքների բնագավառում տնտեսական կախվածությունը: Ինչպես նշում է Վեդրինը, «գլոբալ տնտեսության աշխարհում ոչինչ չի ընդունվել որպես ռազմավարական առումով կարեւոր, բացի ռազմական ոլորտից»: Դա տեղի է ունեցել պետական ինքնիշխանության հասկացողության եւ դրա դերի բարձրաձայն, ավելորդ եւ անհիմն վարկաբեկմանը զուգահեռ: Այսուհետ նախկին բացթողումներից ու ավելորդություններից շատերը պետք է վերանայվեն, այդ թվում նաեւ` «երջանիկ գլոբալիզացիայի» գաղափարը: Իրականում գլոբալիզացիան երջանիկ էր միայն «աղքատ երկրներում աղքատների եւ հարուստ երկրներում հարուստների համար» այնքան ժամանակ, քանի դեռ աշխատողների ու միջին խավի հիասթափությունը զարգացած հասարակություններում չհանգեցրեց պոպուլիզմի աճի»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63232

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel