Զոհրաբ Մնացականյանն ու Ջավադ Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ:


Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրանցի գործընկերոջը Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:


Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը` նախարար Մնացականյանը կարևորեց համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, հատկապես հարևան պետությունների միջև գործողությունների համակարգումը: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը:


Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:


Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63105