Արցախում հողեր զիջող նախագահ չի կարող լինել

Մարտի 31-ին Արցախում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին շատ է խոսվում այն մասին, թե թեկնածուներն ինչպիսի դիրքորոշում ունեն ղարաբաղյան հարցի կարգավորման առումով:


Թեկնածուների հրապարակային ելույթներից դատելով կարելի է եզրակացնել, որ ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ Սամվել Բաբայանն ու Վիտալի Բալասանյանը չեն պատրաստվում կյանքի կոչել այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են 7 շրջանների կամ անվտանգության գոտու հանձնում Ադրբեջանին ու ադրբեջանական փախստականների վերադարձ:


Արցախում պատերազմական գործողություններին մասնակցել է գրեթե ամեն մի ընտանիք՝գրեթե բոլորն ունեն զոհեր կամ վիրավորներ 90-ական թթ.-ի պատերազմում: Մեծ թիվ են կազմում վետերաններն ու Արցախում բարձր վարկանիշ ու ազդեցություն ունեն զինվորականները՝գեներալիտետն ու պատերազմի նախկին մասնակիցները:


Ռազմական էլիտայի ազդեցիկ դիրքերն ու հասարակության մեջ վետերանների մեծ տոկոսը խոսում է այն մասին, որ Արցախում ցանկացած նախագահ՝անկախ անուններից, հաշվի է առնելու ՊԲ-ի՝բանակի, գեներալիտետի ու հասարակության այն հատվածի կարծիքը, որոնք նպաստել են պատերազմում հաղթանակի:


Մադրիդյան կամ այլ սկզբունքների կյանքի կոչումը չի կարող իրականացվել այն պարագայում, երբ արցախյան հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է լինելու հողեր հանձնելուն կամ ադրբեջանցի փախստականների վերադարձին:


Հող հանձնելու կամ բանակցություններում պարտվողական դիրքորոշման մասին հայտարարություններն արվում են նախընտրական քարոզչության ընթացքում սև PR-ի շրջանակներում՝փորձելով այդ կերպ թուլացնել քաղաքական մրցակցին:


Սակայն նախընտրական հայտարարություններն ու մեսիջները տարբերվելու են ռեալ քաղաքականությունից, որտեղ Արցախի քաղաքական ուժերը, որոնք անցնելու են խորհրդարան, ինչպես նաև ընտրված նախագահը հաշվի են առնելու ռազմա-քաղաքական ու դեմոգրաֆիական այն ստատուս-քվոն, որն այժմ առկա է Արցախում և չի կարող կյանքի կոչել որևէ փաստաթուղթ, որը պետք է խախտի այսօրվա Արցախի սահմանների, պաշտպանական համակարգերի ու լոգիստիկայի ստատուս-քվոն:


Արցախը ռազմական ամրոց է, որտեղ հասարակություն-բանակ կապն ոչ միայն սերտ է, հասարակության մի զգալի հատվածը զինվորական է՝դիրքերում է ու պաշտպանում է հայրենիքը, հայրենի քաղաքը, գյուղն ու թիկունքում մնացած ընտանիքին:


Զիջողական դիրքորոշում ունեցող նախագահի թեկնածուն կամ ապագայում ընտրված նախագահը չեն կարողանալու Արցախում երկար զբաղեցնել իրենց պաշտոնը՝հասարակությունը, բանակն ու վետերանները թույլ չեն տալու այնպիսի քաղաքական գործչի ներկայություն, որը հասարակությանը փորձելու է համոզել, որ Բաքվին զիջումները կարող են մի լավ բանի բերել:


Այդպիսի գործիչները հեռանալու են քաղաքական Օլիմպից՝իրենց տեղը կզբաղեցնեն ավելի կոշտ ու անզիջում դիրքորոշմամբ գործիչները: Այդպիսին է Արցախի այսօրվա ներքաղաքական վիճակն ու հասարակության տրամադրվածությունը:


Վարդան Վարդանյան


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62983