«Ավրորա»-ն ՀՀ հիվանդանոցներին թոքերի արհեստական շնչառության 10 սարք կտրամադրի

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք: Այս մասին ասված է մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների և նախագահների տարածած հայտարարության մեջ:


Նշվում է, որ «Ավրորա»-ն  մտադիր է շարունակելու ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին:


«Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները:


«Ավրորան» շարունակելու է երկրորդ հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր արդեն իսկ բավական փորձությունների միջով են անցել: Միեւնույն ժամանակ, «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք»,- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 194 դեպք, երկու անձ առողջացել է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62894