ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Նավագնացության մասին» համաձայնագրին

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջեւ 2019թ. փետրվարի 1-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:


Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներում նավերի նավարկության կարգը, որով նախատեսվում է դյուրացնել ԵԱՏՄ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ, երկկողմ եւ տարանցիկ բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաեւ նավերի քարշակումը: Համաձայնագիրը ջրային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս կնվազեցնի վարչական գործընթացները բիզնեսի համար:


Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի կարեւոր մաս է հանդիսանում նավերի եւ նավերի անձնակազմերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ-պետություններում: Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության մեխանիզմները, կարգը եւ պայմանները:


Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, տեղեկացրել է, որ ներկայում մշակման փուլում է ծովային օրենսդրությանը վերաբերող նախագիծը:


Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62510