Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները իրենց լավ են զգում. Արսեն Թորոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 6 մարդ, նրանցից 5-ն իրենց լավ են զգում և լուրջ սիմպտոմներ չունեն, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ, սակայն առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: Նախարարը նշել է, որ երեկվանից համապատասխան քայլեր են իրականացվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց շրջանակը պարզելու և մեկուսացնելու ուղղությամբ:


Առողջապահության նախարարը հավելել է, որ դեղորայքի և բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաև դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են: Միաժամանակ, նշվել է, որ քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դա անելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ և նա, ով շփվում է հիվանդի հետ:


Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այսօր կհետազոտվեն դեռևս մարտի 1-ին մեկուսացված մեր հայրենակիցները և մեծ է հավանականությունը, որ արդյունքները կլինեն բացասական, այսինքն նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվի:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները և հետագա քայլերը: Որոշում է կայացվել մինչև մարտի 23-ը դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, և բուհերի գործունեությունը:


«Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է և պատասխանատվությունը:


Վարչապետը հորդորել է քաղաքացիներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել սոցցանցերում շրջանառվող չստուգված և կեղծ լուրերին:


Առաջիկա անելիքների համատեքստում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին հետագա անելիքների վերաբերյալ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62246