Էդուարդ Մարտիրոսյանը Գոհար Վարդանյանի Պատվո շքանշանը փոխանցեց հետախույզի զարմուհուն

Մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ազգային անվտանգության մարմինների թանգարանում հանդիսավոր կերպով փոխանցեց լեգենադար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլևանյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրված Գ. Վարդանյանի Պատվո շքանշանը:


Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների անունից իր երախտիքի և շնորհակալական խոսքը ուղղեց ականավոր հետախույզի հարազատներին:


«Մենք բարձր ենք գնահատում Գևորգ և Գոհար Վարդանյաների աշխատանքը, անվտանգության մարմիններում անբասիր գործունեությունը, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայություններն ու անմնացորդ նվիրումը: Նրանք մեծ ավանդ են ներդրել երկրի ազգային շահերի և անվտանգության համար, ու մեր բոլորի հիշողություններում իրենք կմնան որպես հայրենիքին նվիրյալ հերոսներ», - ասաց Մարտիրոսյանը:


Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Փահլևանյանը, նշեց, որ անչափ հպարտ և ուրախ է, որ Վարդանյանների կատարած ահռելի աշխատանքն ու հայրենիքին մատուցած ծառայությունը նման բարձր գնահատականի արժանացան իրենց հայրենիքում:


«Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սովորեցնում էին լինել պարտաճանաչ, բարի, մարդասեր և լավատես: Այդպիսին էին Գևորգ և Գոհար Վարդանյանները: Հայրենասեր և ուժեղ, անվախ և վճռական այդ զույգն անցել է բարդ և դժվարին ճանապարհ», - ասաց Փահլևանյանը:


Վարդանյանների հարազատները հետմահու պարգևատրած Պատվո շքանշանը ի պահ տվեցին ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62219