Արա Զոհրաբյանը դիմել է վարչապետին՝ Արսեն Թորոսյանի անգործության կապակցությամբ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ առողջապահության նախարարության անգործության կապակցությամբ:


Գրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատը հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով կազմակերպում է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրում, ինչով պայմանավորված յուրաքանչյուր օր ընդունում է բազմաթիվ քաղաքացիների՝ ՀՀ փաստաբանների պալատը նախագահը կորոնավիրուսի հետ կապված քաղաքացիների և աշխատակազմի առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով դեռևս 28.02.2020 թվականից ստեղծել է պատասխանատու ժամանակավոր խումբ և ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում և մարզային գրասենյակներում աշխատակիցների համար ապահովվել է համապատասխան ախտահանիչ և կանխարգելիչ միջոցներ:


Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը 2020 թվականի փետրվարի 28-ին, դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, խնդրելով՝


- տրամադրել կորոնավիրուսից պաշտպանող առնվազն 200 դիմակ.


- իրազեկել, թե ի՞նչ պաշտպանիչ միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել վիրուսով վարակման վտանգը նվազեցնելու համար:


Առ այսօր՝ նախարարին դիմելուց 11 օր անց, ՀՀ առողջապահության նախարարությունից փաստաբանների պալատը ստացել է պատասխան միայն բժշկական դիմակներ տրամադրելու անհնարինության վերաբերյալ:


Առողջապահության նախարարությունը չի պատասխանել այն հարցին, թե ի՞նչ պաշտպանիչ միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել վիրուսով վարակման վտանգը նվազեցնելու համար:


ՀՀ փաստաբանների պալատն առողջապահության նախարարությանը գրությամբ դիմելով՝ ակնկալում էր, որ նախարարությունն օպերատիվ կարգով գրությամբ կամ առնվազն մասնագետի միջոցով խորհուրդներ կտա, թե ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացնել քաղաքացիների մեծ հոսք ունեցող կազմակերպությունում՝ վտանգը նվազեցնելու համար:


Նշվածի հաշվառմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը 11.03.2020թ. դիմել է ՀՀ վարչապետին կորոնավիրուսի հետ կապված քաղաքացիների մեծ հոսք ունեցող կազմակերպություններում կամ մարմիններում իրազեկման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62086