Ադրբեջանը ՀՀ-ի շուրջ ստեղծում է «անկայունության շղթա»

Ադրբեջանն օրերս դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել ՀՀ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝Տավուշի մարզ, սակայն հետ է շպրտվել:


ՀՀ ՊՆ-ի տվյալներով, ադրբեջանական կողմը զինամթերք և ականաորսիչ սարք է թողել ու հետ շպրտվել:


Նախօրեին էլ ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար սահմամերձ գյուղը՝վնասելով գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը:


Ադրբեջանի զինված ուժերը կրակելով սահմանամերձ գոտում գտնվող հայկական գյուղերի ուղղությամբ ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանն արտագաղթել ու ՀՀ-ի շուրջ ստեղծել թեժ օղակների շղթա՝Տավուշ, Նախիջևան, Արցախ հիմնական կետերով:


Դրան զուգահեռ, Բաքուն ցանկանում է անընդհատ լարվածության տակ պահել Տավուշի մարզի բոլոր սահմանային զորամասերը, առաջնագիծը՝3–րդ բանակային կորպուսին թույլ չտալով օգնության հասնել Ղարաբաղին՝հնարավոր պատերազմի ժամանակ:


Չմոռանանք, որ Տավուշի մարզն ունի կարևոր, կամրջող դերակատարում՝Հայաստան-Վրաստան ճանապարհների առումով, իսկ Ոսկեպարի և միջպետական ճանապարհի մի քանի այլ հատվածներ դիտարկվում են ադրբեջանական կողմից ու հեշտությամբ կարող են հայտնվել կրակի տակ: Բաքուն ցանկանում է ճնշումներ գործադրել ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող լոգիստիկայի վրա:


Բացի այդ, Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա–Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։


Այս պահին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում են տեղակայված Ադրբեջանի սահմանապահ զորքերը, ինչը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն է տալիս Բաքուն սահմանի այդ հատվածին՝հարձակողական և պաշտպանական առումներով:


Ադրբեջանը սադրիչ գործողություններ իրականացնելով սահմանին ցանկանում է տեղից շարժել ղարաբաղյան բանակցային գործընթացը՝հօգուտ իրեն, ինչպես նաև սեփական բնակչությանը ցույց տալ, որ պատերազմն ավարտված չէ ու հանրության ուշադրությունը սոցիալ-տնտեսական և ներքաղաքական խնդիրներից շեղել դեպի սահման:


Վարդան Վարդանյան


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61944