Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ. ԱԳՆ

Թուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ, որն անդրադառնում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, որը հնչեցվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ։


«Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988 թվականից՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան սատարել է ադրբեջանական կողմին:


Ավելին, 2016 թ. ապրիլին Թուրքիան բացահայտ կերպով աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես, միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը»,- ասված է մեկնաբանության մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61731