Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ՝ բոլորս պարտված ենք. Բալասանյան

Այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր է: Այս մասին Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:


«Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե Հայաստանի քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ՝ բոլորս պարտված ենք: Դա միայն Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է», - ասաց նա:  


Նրա խոսքով, Բրատիսլավայում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ», ինքը դիմել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու Հայաստանի ԱԳ նախարարին: ԱԳ նախարարի տեսակետն է՝ «դե 1992 թվականին էլ են այդ տերմինն օգտագործել», Արցախի նախագահն էլ ասել է, թե՝ «կարող է մեխանիկորեն սխալվել է»: Մինչդեռ, հիշեցրեց նա, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ներկայացուցչի հետ:


«Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը: Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, դա արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ինչի՞ մասին է խոսքը»,- հայտարարել է Բալասանյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61669