Մանկավարժական համալսարանում ՊՎԾ-ն 315 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:


Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:


Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։


Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում:


Մասնավորապես՝


· Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր:


· Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:


· Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:


· Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:


· Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:


Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:


Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և ՀԻմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերության կողմից իրականացվել է 47 մլն. դրամի (դրամարկղային) Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս:


ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ:


Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61340