Քարոզարշավը կազմակերպել հանդուրժողականության մթնոլորտում. Արայիկ Հարությունյանի կոչը

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը դիմել է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նախընտրական քարոզարշավը կազմակերպել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում:


«Այսօր մեր հանրապետությունում պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Իմ գլխավորությամբ մեր քաղաքական թիմը ձեզ կներկայանա հեղափոխական, բայց նաև իրատեսական ծրագրով: Այն իրենում բովանդակում է մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրների լուծման մեր տեսլականը և ամբողջովին միտված է Արցախում բարեկեցիկ, արդար ու ապահով ապագա կառուցելուն: Ծրագրի հիմքում դրված են հանրության արմատական շահերն ու պահանջմունքները, և, իմ խորին համոզմամբ, մեր գործունեության հիմնական առանցքն ուղղված է լինելու Արցախում կյանքի ու տրամադրությունների որակի փոփոխությանը»,- գրել է թեկնածուն Facebook-ի իր էջում:


«Եվս մեկ անգամ կարևորելով օրվա խորհուրդը՝ դիմում եմ այս քաղաքական ընտրապայքարին մասնակցող նախագահի բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքների պատասխանատուներին՝ նախընտրական քարոզարշավը համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում կազմակերպելու կոչով: Թո՛ղ ծավալվի գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից»,- հավելել է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61156