Արցախը հետևողականորեն զարգացնում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետությունը. ԱԳՆ

32 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։


Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հիշեցնում է, որ այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Այն իրապես ժողովրդավարական շարժում էր, որը պայքար էր՝ հանուն քաղաքացիական իրավունքների, ազգային ինքնության, տնտեսական իրավահավասարության և արժանապատիվ կյանքի։ Ղարաբաղյան շարժումը ամենասկզբից էլ խաղաղ բնույթ էր կրում և մարմնավորում էր Արցախի ժողովրդի ձգտումը՝ առկա իրավական մեխանիզմների հիման վրա իրացնելու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը։


Ի պատասխան արցախահայության օրինական պահանջին` Բաքուն հրաժարվեց քաղաքական երկխոսությունից և Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության նկատմամբ կազմակերպեց արյունալի ոճրագործություններ։ Փորձելով բռնության միջոցով ահաբեկել արցախցիներին՝ ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ եղան Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հետագայում վերաճեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծմանը։


Արցախահայությունը, սակայն, միավորվեց և կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը։


Այսօր Արցախը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով՝ հետևողականորեն զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետականությունը՝ որպես իր ժողովրդի ազատության և անվտանգության կարևորագույն երաշխիք։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60785