Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 8-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ թվում՝ ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմոլորտ տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Նախագահի համոզմամբ, այս գործընթացում կարևոր դեր ունի նաև Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ համագործակցությունը:
Անդրադառնալով տարեվերջին Բրյուսելում տրված ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է՝ Հայաստանն ակնկալում է, որ բանակցությունները կընթանան բնականոն հունով, և կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այդ կարևոր գործընթացը:
Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլը ներկայացրել է իր կուսակցության անցած ուղին, ներկա առաջնահերթությունները, Եվրոպայում առաջատար այդ քաղաքական ուժի գործունեությունը և ընդգծել, որ կուսակցությունը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու համագործակցությունը ինչպես միջկուսակցական, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն ձևաչափերով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6002