Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հունվարի 25-ին վերսկսել են ռուսական արշավախմբի անդամների որոնողական աշխատանքները:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:
«Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը»,-հայտնում են նախարարությունից:
Հունվարի 24-ին՝ ժամը 08:28-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59224