Սև փողեր կան. ՀՀ-ում ցանկանում են բացահայտել էներգետիկ ոլորտի իրական սեփականատերերին

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակն բացահայտել էներգետիկ ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերին, որոնք ունեն մինչև 10 տոկոս բաժնեմաս:


Օրենսդրական փոփոխությունը հանքարդյունաբերության ոլորտում ընդունված նույնանման օրենսդրական փաթեթի փոփոխության շարունակությունն է: Կառավարությունն առաջարկում է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել մինչև հուլիսի 1-ը, ինչի հետ համամիտ չեն շատ պատգամավորներ:


Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանն առաջարկում են էլեկտրական էներգիայի արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դարձնել հրապարակային ու մատչելի, այլ կերպ ասած՝ բացահայտել այս ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին։


Կառավարությունը հարցի էության հետ խնդիր չունի, սակայն Արդարադատության նախարարությունը մտահոգություն ունի, առաջարկում են հետաձգել նախագծի քննարկումը, մինչեւ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու վերաբերյալ կարգավորումներն ամբողջությամբ կգործեն։


ԱԺ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանն ասել էր, որ հիմա ընդհանուր մոտեցում կա, որ ավելի ընդլայնված ընդհանուր կոնցեպտ մշակվի: Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում կմշակի ընդհանուր կոնցեպտ, որը կիրառելի կլինի բոլոր ոլորտների համար: Նա առաջարկել էր ֆրագմենտալ լուծումներ չտալու համար սպասել Արդարադատության նախարարության որոշմանը, սակայն նախագիծը հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն էր ստացել։


Օրենսդրական նախաձեռնության ընդունումը կարևորեցին նաև ըննդիմադիր խմբակցությունները՝ առակելով սակայն, որ պետք է հանվի մինչև 10%-ի սահմանաչափը: "Պետք է բացահայտվեն, բոլոր սեփականատերերը, քանի որ մարդիկ կարող են ունենալ տաս տոկոս բաժնեմաս և խուսափելու համար բացահայտումից, այն տրոհել երկու մասի: Բոլորը պետք է բացահայտվեն, քանի որ այստեղ մշտապես ներկայացված են եղել օֆշորային ընկերություններ, սև փողեր", - ասաց ԲՀԿ խմբակցությունից Սերգեյ Բագդրատյանը:


Այսօրվա նիստի ժամանակ նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ ինչ են ուզում անել։ Նա նշեց՝ քանի որ արդեն ընդունել են հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմի օրենքը, նույնը ցանկանում են նաեւ էներգետիկայի ոլորտի վրա տարածել․


«Այսինքն, եթե հանքերի իրական սեփականատերերը պետք է հայտնի լինեն, ապա էներգետիկ ոլորտի ընկերությունների սեփականատերերը՝ նույնպես»։


Կառավարության հակափաստարկները, Թունյանի կարծիքով, համոզիչ չեն։ Իրենք որոշել են առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, եթե մինչեւ երկրորդ ընթերցում կհամոզեն, որ օրենքն իրագործելը դժվար է կամ ռիսկեր է պարունակում, նախագիծը հետ կկանչեն։


Թունյանը նկատեց, որ մինչեւ ս/թ հունվարի 30-ը իրենք պետք է ունենան հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի անունները։ Դիմելով ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանին՝ Թունյանը հարցրեց՝ կունենա՞ն անունները։ Փոխնախարարը պատասխանեց, որ համոզված է՝ այդ ժամկետին արդեն իսկ կունենան ներդրված մեխանիզմը։


Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է մեխանիզմը կիրառել, հասկանալ բացերը, նոր կիրառել այլ ոլորտների դեպքում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59146