Ինչո՞ւ է կառավարությունը փոխում սահմանադրությունը. Մակունցը փորձեց բացատրել

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս պահին սահմանադրական փոփոխություների միջոցով կիսանախագահական կառավարման մոդելի վերականգնման անհրաժեշտություն չի տեսնում:


«Իմ անձնական կարծիքն այնպիսին է, որ ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց պետք է աշխատանքային խումբը քննարկի եւ ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ, որոնց արդյունքում կկարողանանք հասկանալ, թե որ կողմն է ավելի ծանրակշիռ դիրքերից հանդես գալիս»,- այսօր՝ հունվարի 20-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի:


Նա նաև ասել է, որ տեղյակ չէ, թե արդարադատության նախարարությունն ինչպիսի ռազմավարություն եւ մարտավարություն է որդեգրել սահմանադրական փոփոխությունների հարցում: «Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացված կլինի մասնագիտական հանձնաժողովում, աշխատանքային խմբում եւ խմբակցության տեսակետն այնտեղ կներկայացնի»,- նշել է Մակունցը՝ հավելելով, որ դեռեւս թեկնածու չունեն, երբ կստանան ծանուցում, որ պետք է թեկնածու ներկայացնեն, իրենք կներկայացնեն: «Ենթադրում եմ, որ ներկայացված կլինի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչը»:


Մակունցը հավելել է, որ իհարկե, «Իմ քայլը» ունի մի շարք դիրքորոշումներ, որոնք կներկայացնի սահմանադրական փոփոխությունների փաթեթը ներկայացնելիս. «Այս պահին թույլ տվեք չներկայացնել»:


Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունն ինչ նպատակով է որոշել սահմանադրական փոփոխություններ անել, նա ասաց. «ԱԺ մեկ տարվա աշխատանքում մենք պարբերաբար հանգել ենք մի շարք դրույթների, որոնք գտել ենք, որ դրանք շտկելու միակ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են: Քանի որ արդարադատության նախարարությունն արդեն որոշել է աշխատանքային խումբ ձեւավորել, մենք նույնպես մեր դիրքերից կներկայացնենք այն փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը տեսել ենք:


Թե կառավարությունն ինչ դիրքորոշում կունենա, դա կտեսնենք: Այս պահին դեռ վաղ է խոսել, թե ինչ փոփոխություններ կկատարվեն, որովհետեւ կարող են շատ տարբեր առաջարկներ ներկայացնել: Բայց այն, որ մեր շեշտադրումը լինելու է նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումները այդ փաթեթում, մեր ուշադրությունը սեւեռվելու է նաեւ դրա վրա»:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58793