«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Բաղրամյան

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:


Նա նշել է, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:


Հարցին, թե այսինքն՝ միայն թանկացնելու համա՞ր պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»:


2019 թվականի վերջին ընկերությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշված էր, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:


Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:


Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել է՝ այսօր կառավարությունն այլևս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի: «Իհարկե, բանակցում ենք: 2019 թվականին արդեն հասանք նրան, որ որևիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»,- ասաց նա:


Հարցին, արդյոք հնարավո՞ր չէ շարունակել ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորել թանկացումը, նա պատասխանել է. «2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որևէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ և խնայողություններ, որի արդյունքում և բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»:


Գարեգին Բաղրամյանը հավելեցլ է, որ դեռևս հայտ չկա, բայց չի բացառվում, որ կլինի: Իսկ, թե քանի՞ տոկոսով կարող է թանկանալ գազը սպառողի համար՝ զերծ է մնացել կանխատեսումից:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58592