ՀՀ-ում քաղաքական պայքարը թրոլինգից պետք է վերածվի ծրագրային պայքարի

ՀՀ-ում ներքաղաքական օրակարգը շարունակում է մնալ բամբասանքների, ֆեյքերի և միմյանց վրա ցեխ շպրտելու ու թրոլինգ անելու շրջանակներում, ինչը խոսում է քաղաքական դաշտի ճգնաժամի մասին:


Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը հասարակությանն ամեն օր առաջարկում են կեղծ օրակարգեր՝մանր խնդիրներ, որոնք գլոբալ հարցերի՝ տնտեսության, դեմոգրաֆիայի, աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն:


Հանրությանն առաջարկվում է քննարկել, թե այսօր ում են ձերբակալել, ինչ այսպես կոչված դավադիր ուժեր կան, որոնք պլանավորում են տապալել Փաշինյանին և ամբող ֆեյսբուքը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների լուսանկարները կամ ստատուսները:


Պետական կառավարման համակարգն իջեցվել է ֆեյք նորությունները քննարկելու կամ հերքելու՝միմյանց ավելի ուժեղ թրոլինգ անելու ու լայքեր հավաքելու մակարդակի, ինչը ղարաբաղյան հարց ունեցող, կիսապատերազմական երկրի համար ազգային անվտանգության սպառնալիք է:


Իշխանություն-ընդդիմություն քաղաքական դիսկուրսի մակարդակն իջեցվել է «дурак-сам дурак» մակարդակի և ատելություն տարածելն ու սև պիառը դարձել է երկու կողմերի համար ամենահարմար գործիքները: Սակայն դրանից տուժում է առաջին հերթին հասարակությունը՝խորը հիասթափություն ապրելով այս ամեն ինչից և հարցի լուծումը տեսնում է արտագաղթելու մեջ:


Քաղաքական ակտորներն իրենց վարքագծով ու հասարակությանը հղվող մեսիջներով են նպաստում արտագաղթին ու հիասթափությանը:


ՀՀ-ում մեծ տեմպերով տեղի է ունենում քաղաքական դիսկուրսի պրիմիտիվիզացիա և քաղաքական թեմաներն աստիճանաբար վերափոխվում են կենցաղային, խոհանոցային մակարդակի քննարկումների կամ ասեկոսների տարածման:


Պոպուլիզմի չափաբաժինը չնվազեցնելու դեպքում թե իշխանությունները, թե ընդդիմությունը բախվելու են հասարակության համընդհանուր ապատիային՝դրանից բխող ծանր հետևանքներով՝արտագաղթի և ապաքաղաքականացման տեսքով:


Փաշինյանին անհրաժեշտ է առողջ քննադատություն՝ կառուցողական ընդդիմություն, որը կառաջարկի առկա բազմաթիվ խնդիրների լուծման մեթոդներ, իսկ ընդդիմությունը պրիմիտիվ թրոլինգից և վիրավորանքից պետք է անցնի ծրագրային պայքարի՝իշխանությունների առաջարկած պոպուլիստական թեմաներին հակադրի իրական ծրագրեր՝թվերով, լուծման հստակ ճանապարհանին քարտեզներով:


Քաղաքական դիսկուրսի մակարդակի բարձրացումը բխում է իշխանության և ընդդիմության, ինչպես նաև հասարակության և քաղաքացիական հասարակության շահերից՝ հակառակ պարագայում ՀՀ-ն կարող է վերածվել Լատինական Ամերիկայի պոպուլիստական ռեժիմների նմանվող համակարգի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58392