Հանգիստ նստեք ձեր տեղը. Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է Հայրապետյանին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արձագանքել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը: 


«Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով՝ փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:


Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:


Դուք, մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:


Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:


Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:


Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»,- գրել է նա:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, երեկ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը աղմկահարույց հայտարարություն է արել, թե Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ միջնորդների միջոցով փոխանցել է, որ ինքը լքի երկիրը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել, որ իրեն «բռնեն»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57289