Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների գործընկերներին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանի նիստում շոնրհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:


«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ իրենց հայրենիքում միլիոն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից: ԱԺ երեք խմբակցությունների անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ և փաստել, որ սրանով, այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը»,- հայտարարեց նա:


«Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես սենատորներ Մենենդեսին և Քրուզին, ինչպես նաև դրանից առաջ՝ կոնգրեսական Շիֆին, և հայ ազգի բոլոր մյուս բարեկամներին Կոնգրեսի երկու պալատներում՝ այս օրինագծերի նախաձեռնության և պաշտպանության համար:


Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել Ամերիկայում Հայ դատի գրասենյակի և Ամերիկայում Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար:


Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար: Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլևս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:


Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որն ընդգծում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:


Ավելի վաղ հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների տպալատն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57270