Պետական ֆինանսների ռազմավարությունը չափելիության խնդիր ունի. նախարարն ընդունում է

Ֆինանսների նախարարությունը ներկացրել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը»։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունում է, որ ռազմավարությունը չափելիության խնդիրներ ունի:


Դեկտեմբերի 7-ին հրավիրած ասուլիսին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շուրջ մեկ խոսեց «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարության» մասին, սակայն հստակ չափելի թիրախային ցուցանիշներ չնշեց:


Ռազմավարության նպատակները


Ըստ ռազմավարության՝ պետական ֆինանսների կառավարման համակարգում բարեփոխումների նպատակներն են․


- բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը,


- ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումը,


- բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիութունը,


- երաշխավորել միջոցների համապատասխանությունը գերակայություններին ու քաղաքականության նպատակներին,


- ապահովել հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը:


«Մեր նպատակն է մինիմումի հասցնել հայտարարված ռազմավարական միջոցառումների և նպատակների միջև խզումը: Այս ամենը պետք է լինի թափանցիկ ու հաշվետվողականության հենքի վրա դրվի, որպեսզի տարընկալումների տեղիք չտա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ռազմավարությունը կառուցելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով:


Դրանք են ծախսարդյունավետություն հարաբերակցության բարձրացումը, պետական պարտքի արդյունավետ կառավարումը, ստվերային տնտեսության կրճատումը և միրցունակ գործարար միջավայրի ձևավորումը, պետական միջոցների խնայողական ու արդյունավետ օգտագործումը․ «Մեր գործողություններում պետք է ձգտենք հավելյալ արժեքի ստեղծմանը: Մենք պետք է ձևավորենք համախապասխան միջավայր ու կառուցակարգեր, որպեսզի հենց այդ հավելյալ արդյունքը ստեղծվի»։


Նախարարի խոսքով՝ ռազմավարական նպատակներին հասելու համար կառավարությունում պետք է գործողությունների, քայլերի ու միջոցառումների ներդաշնակեցում․ «Հակառակ պարագայում ռիսկ կա, որ, պատկերավոր ասած, նավապետը վերցրել է մի ուղղություն, սակայն նավի վրա մյուսները նույն ուղղությամբ չեն թիավարում»։


Ջանջուղազյանը նշեց, որ պետական միջոցների ծախսման հիմնական նպատակը պետք է լինի հանրության համար մատուցվող ծառայություների արդյունավետության բարձարացումը:


«Այս մոտեցումը դրված է նաև ծրագրային բյուջետավորման հիմքում, - ասաց նա և հավելեց, որ այս նպատակն է դրված նաև պետության իրականացրած կապիտալ ծախսերում:- Այն ոչ միայն ուղղված է լինելու այս պահին ինչ-որ խնդիրներ լուծելուն, այլև ապագայում տնտեսության պոտենցիալի բարձրացմանը»։


Ըստ նախարարի՝ այս նպատակով իրականացվում են բարեփոխումներ պետական գնումների համակարգում:


Ռազմավարական միջոցառումների ցանկում է նաև հանրային ներդրումների կառավարման համակարգի բարեփոխումը․ «Նախկինում կապիտալ ներդրումները կատարվել են հիմնականում վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին, որոնք նախօրոք քննարկումների արդյունքում արդեն կանխորոշված են եղել, թե որ ծրագրերում են ներդրվելու: Այժմ մենք ունենք մեր գեներացված միջոցները և պետք է հստակ հասկանանք, որտեղ ենք ներդնելու և ինչ արդյունքների ենք հասնելու»,- ասաց նա:


Չափելիության խնդիրը


Նախարարն անկեղծացավ՝ բոլոր ուղղությունները և թիրախային ցուցանիշները, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ճշգրիտ մաթեմաթիկական չափումների հաճախ չեն տրվում:


«Կան ցուցանիշներ, որոնք շատ հստակ չափելի են, կան, որ չեն տրվում չափումների: Այն գուցե ապագայում ավելի չափելի դառնա, - ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ կարելի է որպես ընդհանրական ցուցանիշ դիտարկել երկրի մրցունակության բարձրացումը:- Այստեղ էլ խնդիր կա, արդյոք դա այն ցուցանի՞շն է, որին պետք է հասներ երկիրը, թե՞ ավելին կարող էր արվել»:


Ջանջուղազյանն այլ օրինակով փորձեց բացատրել, թե ինչու ռազմավարական նշանակության փաստաթուղթում թիրախավորված որոշ ցուցանիշներ չափելիության առումով խնդիրներ ունեն: «Օրինակ, մենք նպատակադրել ենք պետական պարտքի դեֆիցիտի ֆինանսավորման ծավալում ներքին ռեսուրսների ներգարվումը հասցնել 50 տոկոսի։ Եթե գերազանցենք այդ ցուցանիշը, նշանակում է լավ ենք աշխատել: Կամ հակառակը»,- ասաց նա: Սա պետական միջոցների կառավարման տեսանկյունից միջազգայինորեն ընդունված ստանդարտ է և վկայում է երկրի ներսում պետության նկատմամբ հանրային վստահության աստիճանի մասին:


Ռազմավարական նպատակներից է նաև կառավարության աշխատակազմի արդյունավտության բարձրացումը․ «Դա ղեկավար-աշխատող հարաբերակցությանն է վերաբերում, ինչպես նաև զբաղվածության արդյունավետությանը: Խոսքը նաև զբաղեցրած տարածքի մասին է, ինչպես նաև ավտոպարկի»:


Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը, օրինակ, այժմ չորս ավտոմեքենա ունի՝ նախկին քսանի փոխարեն, բայց կա նաև թերբեռնվածություն աշխատատեղերի առումով:


«Արդյունավտության մասին խոսակցությունը պետք է կյանքի կոչվի, որը ենթադրում է նաև վարձատրության բարձրացում, որպեսզի աշխատատեղերը լինեն մրցակցային՝ որակյալ կադրերի ներգրավման տեսանկյունից: Մենք չպետք է թույլ տանք, որ մոտիվացիան ընկնի, և տեղի ունենա աշխատողների հոսք մասնավոր հատված», - ասաց նախարարը։


Նա նշեց, որ ֆինանսների նախարարության աշխատանքից հանրային դժգոհությունը ոչ ավելացել, ոչ պակասել է․ «Որքան դժգոհ էին, այնքան էլ մնում են դժգոհ»:


ՍիվիլՆեթի հարցերին՝ ուղղված փաստաթղթի չափելիության խնդիրներին, Ջանջուղազյանն ընդհանրական պատասխաններ էր տալիս՝ որոշ դեպքերում, իհարկե, ներկայացնելով թիրախային ցուցանիշներ: Նախարարը հախուռն էր ներկայացնում ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշները, դրանց հասնելուն ուղղված հիմնական միջոցառումները՝ հաճախ չնշելով հստակ թվային ցուցանիշներ:


«Սա կյանքի կոչելու համար անհրաժաշետ են որակյալ կարդրեր, որոնց չլինելու դեպքում՝ ինչպե՞ս սա իրականացնել»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ այս առումով ռազմավարությունը դժվար է հստակ չափելի դարձնել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56953