Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը: Վերջիններս ողջունել են լարվածությունը նվազեցնելուն և երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են նաև հումանիտար միջոցառումներ իրականացնելուն ուղղված երկու երկրների ջանքերը՝ ընդգծելով վերջերս լրագրողների փոխայցերը և հունիսի 28-ին ձերբակալվածների համաժամանակյա ազատ արձակումը: Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և կողմերին կոչ են արել ներգրավվել բովանդակային բանակցություներում՝ առանց արհեստական հետաձգումների կամ նախապայմանների:
«Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում Երևանին և Բաքվին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց հետաձգումների կամ պայմանների: Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին՝ համագործակցել միմյանց և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կհրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը»,- ասված է հայտարարությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56889