Մամուլ. Սերժ Սարգսյանն է բարեխոսել Ռոբերտ Քոչարյանի մոտ, որպեսզի Սուքիասյանը վերադառնա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Երեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանին, ասել է. «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում... Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Ես նախկինում ասել եմ՝ բարիդրացիական հարաբերություններ եմ ունեցել, չեմ ասել՝ լավ։ Սերժ Սարգսյանը նաեւ շատ վատ ընկեր է, որովհետեւ երբ ՀՀ-ն կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչեւ անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է էս երկրում, եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, կործանված է եւ այն մարդը, եւ այդ միջավայրը, որտեղ ինքն ապրում է»: Երեկ այս երկու մարդկանց լավ ծանոթ քաղաքական գործիչներից մեկը նրանց հարաբերությունների մասին մի ուշագրավ պատմություն պատմեց։ Ի դեպ, նա բացարձակապես կապ չունի ՀՀԿ-ի, հների, առավել եւս նորերի հետ։ Երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է երկրի ղեկավարությունը, առաջին նախագահին մշտապես աջակից Խաչատուր Սուքիասյանը, մտահոգություններ ունենալով իր բիզնես-գործունեության առնչությամբ, աճապարել է հեռանալ երկրից։ Նրան կրկին Հայաստան բերելու համար անձամբ Սերժ Սարգսյանն է բարեխոսել Ռոբերտ Քոչարյանի մոտ, որպեսզի Սուքիասյանը վերադառնա ու սկսի երկրում բիզնեսներն անխոչընդոտ զարգացնել։ Իմա՝ Սարգսյանը Սուքիասյանի համար երաշխավորել է։ Այս դրվագը բավական հետաքրքիր է Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարությունների ֆոնին»:


«Իրատես» թերթը գրում է. «Երբ այսօրվա գործարար-օլիգարխները գեթ մեկ ՓՄՁ էլ չունեին, անկախության առաջին տարիներից արտոնյալ վիճակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը վայելում էր օրվա իշխանությունների բարեհաճությունը ու երբեք չէր խոսում, հիմա էլ չի խոսում, թե ինչեր էին անում այդ տարիներին երկրի տնտեսության հետ։ Փոխարենը երեկ նա կարծես դատավճիռ ներկայացնելու տոնով ասել է, որ իրենից խլված «Բջնի» գործարանը պետք է իրավական գործընթացներով վերադարձվի իրեն։ Օրվա իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը հենց այնպես չի այս դատավճիռը կայացրել (խոսքն ամենեւին այն մասին չէ, թե ժամանակին ինչպես է այն տրվել մեկ այլ գործարարի)։ Մեր տեղեկություններով, արդեն այդ ուղղությամբ ուշագրավ զարգացումներ կան։ Գործարար Ռուբեն Հայրապետյանի բիզնեսները, նախկին գործունեությունն այս օրերին համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում են։ Իսկ «Բջնի» գործարանի (ում այս պահին պատկանում է այն) հետ կապված գործարքը, թերեւս, կիզակետում է։ Դատելով Սուքիասյանի ինքնավստահությունից, կարելի է ասել, որ գործարանը կրկին վերադարձվելու է նրան»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջերս սրվել են Նիկոլ Փաշինյանի եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հարաբերությունները: Վերջինս իր նեղ շրջապատում բազմապիսի դժգոհություններ է հայտնում Փաշինյանի վերաբերյալ, անգամ հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին՝ քննադատելով Փաշինյանի գործելաոճը: Արամ Սարգսյանը, մասնավորապես, նշում է, որ մարդիկ փողոց են դուրս գալու, նաեւ փողոց են փակելու եւ Փաշինյանին ասելու են՝ դու ստախոս ես: Ասելու են՝ դու համեստության կոչերով իշխանության ես գալիս, բայց ավտոդ քեզ ձեռք չի տալիս, դաչադ քեզ ձեռք չի տալիս: Սարգսյանը նաեւ նշում է, որ իր եղբայր Վազգեն Սարգսյանը ապրել է վերոնշյալ դաչայում առանց ավելորդ շռայլություններ թույլ տալու»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունները՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արեւմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձեւով՝ առանց հրաժեշտի: Ավելի ծանր են հարաբերությունները անգլիական «գետնին» վրա. ոչ Հայաստանը Միացյալ թագավորությունում (ՄԹ) դեսպան ունի, ոչ էլ ՄԹ-ն՝ Հայաստանում: Ավելին՝ ժամանակներ առաջ Մեծ Բրիտանիա այցելած Զոհրապ Մնացականյանը չի հանդիպել ՄԹ արտգործնախարարի հետ։ Բավարարվել է եվրոպական հարցերով նախարարի հետ հանդիպմամբ: Ոմանք դա բացատրում են նաեւ արքայական ընտանիքի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների փափուկ ռեպրեսիայի քաղաքականությամբ, որով վերջինիս թույլ չեն տալիս իրականացնել առանց այն էլ չունեցած լիազորությունները: Ի դեպ, առժամանակ առաջ Արմեն Սարգսյանի հետ հոգեւոր գերագույն խորհրդի նշանակված հանդիպումն անգամ իշխանությունները չեղարկել են՝ հասկացնելով, որ նրա ներկայությունն այնտեղ անցանկալի է: Իսկ սպասվող սահմանադրական փոփոխություններով նրան եւս անգլիական հրաժեշտ կտան»:


«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում է հայտնվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի լուսանկարը՝ Լոս Անջելեսից: Այո, նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, Հյուսիսային պողոտան «շլանգով» ջրելով եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին խոչընդոտելով, իր առաքելությունը հայրենիքում համարել է ավարտված ու մեկնել է Միացյալ Նահանգներ»:


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Նա հանրային լայն շրջանակների համար անծանոթ կերպար է, չնայած քաղաքական գործընթացներին ակտիվ հետեւողների համար հայտնություն չէ։ Նշենք, որ նա ՀԱԿ վարչության անդամ է եւ Կոնգրեսի աշխատանքների ակտիվ մասնակիցներից մեկը, որը նաեւ ընդգրկված է եղել 2013 թվականի՝ Երեւանի ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակում (8-րդ համար)։ Ժամանակին Պողոսյանն ակտիվ պայքարում էր կուտակային կենսաթոշակի դեմ՝ դա համարելով անընդունելի ու անթույլատրելի (գործող իշխանությունները փաստացի վավերացրեցին կուտակայինը), քանիցս անդրադարձել է ՀՀ-ից կապիտալի արտահոսքի աղետալի միտումների մասին (ինչպես հայտնի է, այս տարի ՀՀ-ից կապիտալի արտահոսքի չափերը եղել են աննախադեպ՝ հասնելով 295 մլն դոլարի): Իր հարցազրույցներից մեկում Պողոսյանը բավականին ոգեւորված խոսել է «կարմիր գծերը» հանելու անհրաժեշտության եւ դրանց կոռուպցիոն ռիսկերի մասին։ Հետաքրքիր է, թե նոր պաշտոնում ինչպես է նա կյանքի կոչելու իր մոտեցումները: Դա , իհարկե, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստը մնում է փաստ, որ Պողոսյանը հերթական լեւոնտերպետրոսյանականն է, որը պաշտոն է ստանում Փաշինյանի թիմիում, այսինքն, ի դեմս Կենտրոնի նոր թաղապետի, մենք ականատես ենք լինում ՀԱԿ-ի դիրքերի հերթական ամրապնդմանը նոր իշխանության մեջ։ Ի դեպ, Պողոսյանի նշանակումը բավականին հետաքրքիր է դիտարկել նաեւ այն պրիզմայով, որ վերջին օրերին անընդհատ շրջանառվում էր Միլանում Փաշինյանի բացահայտ ակնարկը, որ 1996-ի ընտրությունների կեղծումը ՀՀ ընտրակեղծարարության «չարիքի» սկիզբն էր։ Այնպես որ, չի բացառվում, որ քաղաքապետի միջոցով վարչապետն այս նշանակմամբ պարզապես լեւոնականների «խաթրն է առնում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խորհրդական։ Նրան անկուսակցական ներկայացնելու պատճառը թերեւս Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ-ի կապի մասին քննարկումներն են, որոնց օրերս անդրադարձավ նաեւ վարչապետը եւ այդ կապը հերքելու համար անգամ «չարիք» անվանեց ՀՀ առաջին նախագահին։ Ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից Փաշինյանը հերքում է իր եւ ՀԱԿ առաջնորդի կապը, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրանց թիմից՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Ի՞նչ կապ ունի մարդկանց պրոֆեսիոնալիզմն այս կամ այն կապի հետ։ Քաղաքական կապ ունենալը մի բան է, որ չկա, այս կամ այն քաղաքական ուժի անդամին պաշտոն առաջարկելը՝ այլ»։ Այսինքն՝ ձեր թիմում չկան պրոֆեսիոնալներ, մանավանդ՝ նոր թաղապետին պրոֆեսիոնալ անվանելու համար հումորի մեծ զգացում պետք է ունենաս։ «Մեզ մոտ շատ պրոֆեսիոնալներ կան, բայց մենք խտրականություն չենք դնում ՀՀ քաղաքացիների մեջ, ովքեր պրոֆեսիոնալ են, կարող են այս կամ այն պաշտոնում արդարացնել, թող լինեն»։ Փաստորեն, միայն ՀՀԿ-ական պրոֆեսիոնալների՞ն եք բռնում։ «Ինչո՞ւ, իրենցից էլ մեզ մոտ կան պաշտոնների, եթե աշխատատեղեր ավելանան, գուցե էլի պրոֆեսիոնալների բերենք»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում էր ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի իրավապահների դիմումի հիման վրա ՌԴ-ում կալանավորված Լևոն Սարգսյանի փաստաբանը: Նա իր զրուցակիցներին վստահեցրել է, որ Ռուսաստանի իրավապահները Սարգսյանի դեպքում ևս կվարվեն այնպես, ինչպես նախորդ բոլոր նմանատիպ դեպքերում, այսինքն՝ Սարգսյանին չեն արտահանձնի Հայաստանի իշխանություններին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։ Իսկ Ջհանգիրյանի այս քայլը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, իրարանցում է առաջացրել գլխավոր դատախազությունում, որովհետեւ լուրեր կան, որ Ջհանգիրյանը մտադիր է ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Լուրեր կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է մինչեւ տարեվերջ հրաժարական տա: Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել է. «Զառանցագին, բամբասանքային տեղեկությունները չենք մեկնաբանում: Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»: Ջհանգիրյանն էլ ասել է. «Համբերեք, տեսնենք՝ այդ գործը վարույթ կընդունվի, թե ոչ»: Իսկ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը փոխանցել է. «Նախագահի աշխատակազմը հայցադիմումի օրինակ չի ստացել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հետախուզում» հայկական բացատրական բառարանով նշանակում է հետախուզել, փնտրել՝ գտնելու նպատակով: Իսկ ՀՀ Քրեական օրենսգիքի 259-րդ հոդվածով «Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը»: Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն նոյեմբերի 28-ին հետախուզում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ, որը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բայց բազմիցս հրապարակվել է, ինքը Կոստանյանն էլ մի քանի անգամ նշել է, որ Մոսկվայում է եւ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն էլեկտրոնային փոստով Կոստանյանի դասախոսություններից լուսանկարներ է ստացել: Այսինքն՝ տեղորոշել, փորձել հայտնաբերել, թե որտեղ է Կոստանյանը, կլոունադայի է նմանվում, որովհետեւ հիմա չէ, որ հայտնաբերվել է նրա դասախոսությամբ զբաղվելու փաստը, հետեւաբար նաեւ գտնվելը վայրը։ Հենց առաջին օրերին Կոստանյանն ինքն է հայտարարել իր տեղի, զբաղմունքի ու դիրքի մասին: Ուրեմն ո՞ր լսարանի համար է հետախուզում հայտարարելու մասին ամպագոռգոռ այս հայտարարությունը: Հ. Գ. Հիշեցնենք, որ Կոստանյանը հայտարարել էր, թե իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, բայց ինքը ՀՔԾ այսօրվա պետ Սասուն Խաչատրյանին օրինական հիմքերով կդատապարտի»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բարտեր-բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նման գործարքների «մենեջերը» փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն է: Նա, ի դեպ, առանձնապես չի փայլում իր կենսագրությամբ. նախկին ՕԵԿ-ական է, 2006-2018 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկում ու չարաշահումներին անմիջական մասնակցության՝ բանկային գաղտնիք ու սոցփաթեթներ վաճառելու պատճառով հեռացվել է ԿԲ-ից: Իսկ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Սարգսյանը լքել է Հայաստանը եւ վերադարձել միայն հեղափոխությունից հետո ու միացել իշխանականներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Սարգսյանը մտերմացել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, հետեւաբար փոխքաղաքապետի համար փակ դռներ չկան, առանձին դեպքերում նա նույնիսկ առանց քաղաքապետի է որոշումներ կայացնում: 


Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ, ի դեպ, հայտարարեց. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը իր մոտ է կանչում խոշոր կառուցապատողների եւ բանավոր կամ գրավոր պարտավորագիր վերցնում բնակելի շենքի շինթույլտվության համար տվյալ շենքի բնակարանների 5%-ը կամ դրա չափով երկրորդային շուկայից համապատասխան քանակության բնակարաններ` բնակֆոնդի առկա խնդիրները կարգավորելու նպատակով»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի շփվում որեւէ մեկի հետ, փոխքաղաքապետի միջոցով է առավելապես տեղեկություններ ստանում, իսկ դրանք Սարգսյանը նրան մատուցում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Եւ վերջնարդյունքում, ահա, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հայկ Մարությանի պաշտոնավարման հարցականն ավելի է բյուրեղանում, թեեւ իշխող թիմը դեռ հակված չէ զոհաբերել Մարությանին՝ ընդառաջելով ընդդիմության պահանջներին»։


«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հանդես էր եկել հանցագործության մասին հաղորդմամբ՝ տեղեկացնելով, որ քաղաքապետը և նրա տեղակալը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ քաղաքապետի լիազորությունները դնելով այն տեղակալի վրա, ով ավագանու անդամ չէ և, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ իրավասու չէ կատարելու քաղաքապետի լիազորությունները: Խաժակյանը նաև հայտարարել էր, որ կեղծվել է այն փաստաթուղթը, որով լիազորությունները դրվել են քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա, և մատնանշել էր Քրեական օրենսգրքի 309 հոդվածը, այն է՝ պաշտոնական լիազորություններն անցնելը: Մեր թղթակիցը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե դատախազությունն արդյո՞ք սրա վերաբերյալ ուսումնասիրություն սկսել է, ու ի՞նչ արդյունքներ կան: Ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել է. «Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»: 


Հարցին էլ, թե «Կամազ»-ների նվիրատվության հարցով դատախազությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել արդեն, քանի որ հայտարարվել էր, թե ուսումնասիրություն է սկսվել, դատախազությունից պատասխանել են, որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է: «168 Ժամ»-ին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետարանին որպես «նվիրատվություն» «Կամազ»-ներ փոխանցած ընկերությունների վերաբերյալ բավականին ուշագրավ տեղեկություններ է հայտնել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Հարցին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած պարզաբանումներն արդյոք համոզի՞չ չէին, նա պատասխանել է. «Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։ Բայց ես ևս մեկ սյուրպրիզ ունեմ՝ ես ունեմ մի փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոյեմբերի 27-ին պարգևավճարներ են ստացել. այդ ցանկում կան բոլոր փոխքաղաքապետերը և քաղաքի 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդ որում՝ յուրայինները։ Փոխքաղաքապետերը ստացել են 420.000-ական դրամ պարգևավճար: Պարգևավճարի ընդհանուր ֆոնդը կազմում է 4.8 միլիոն դրամ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունն սկսել է ուսումնասիրել «ԿամԱԶ»-ների սկանդալը։ Ոմանք պնդում են, թե Հայկ Մարությանի հրաժարականն անխուսափելի է։ Ո՞վ կարող է լինել «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն՝ հարցրինք քաղաքապետարանի աղբյուրին։ «Ոչ մեկը։ Ամենահավանական թեկնածուն Հրաչ Սարգսյանն է, որն «Առաքելություն» կուսակցությունից է, ինչը մինուս է իր համար։ Հասկանալի է, չէ՞, ոչ մի դեպքում Փաշինյանը չի համաձայնի, որ այլ կուսակցության ներկայացուցիչ դառնա քաղաքապետ»: Սարգսյանը կդառնա իմքայլական։ «Չէ, ավելի լուրջ բան կա՝ երբ Մարությանն արձակուրդում էր, ԺՊ-ն Հրաչն էր, Հրաչին մեղադրում են թղթաբանության մեջ կեղծիք թույլ տալու մեջ՝ այդ հարցով Դավիթ Խաժակյանը դիմել է դատախազություն։ Հրաչի գնալուց հետո մյուս փոխքաղաքապետը՝ Հայկ Սարգսյանն է դարձել ԺՊ, ինչի իրավունքը չուներ»: Մտածվա՞ծ են արել։ «Չեմ կարող ասել, բայց չեմ բացառում, կարող էին հրամանն այնպես տալ, որ Մարությանն արձակուրդ գնալիս իր լիազորությունները դներ նախ Հրաչի, հետո՝ Հայկի վրա, նոր գնար։ Հայկը չի կարող քաղաքապետ ընտրվել՝ ավագանու անդամ չէ, իսկ Հրաչը կարող է, նրան էլ թաթախեցին էդ պատմություն-կեղծիքի մեջ»: Հաջո՞րդն ով է «Իմ քայլից»։ «Չկա հարմար թեկնածու, բայց միշտ կարելի է որեւէ «պոլի փետի» դնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում: Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին` «չնկատելու» առումով: Ի դեպ, շաբաթ օրը նույնական վերաբերմունք դրսեւորեց նաեւ իշխանական Հ1-ը, որը տեղեկացրեց Աշոտ Ղուլյանի առաջադրման մասին, սակայն նույն օրը առաջադրված Բալասանյանի մասին քար լռություն պահեց: Ինչո՞ւ չէին հրավիրել Բալասանյանին Փաշինյանի հետ հանդիպման՝ հարցրինք նրան առաջադրած «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին։ «Կդժվարանամ ասել, իրե՛նց պետք է հարցնել»: Եթե հրավեր ստանայիք, կգնա՞ր։ «Չեմ կարող ասել, կստանայինք՝ կորոշեինք։ Մենք էլ ենք լրատվամիջոցներից իմացել, որ նման հանդիպում է տեղի ունեցել»: Արցախում, անգամ այն թեկնածուների թիմերում, ում հետ հանդիպել է ՀՀ վարչապետը, տեսակետ կա, որ դա Արցախի ընտրություններին խառնվելու գործընթաց է։ «No comment»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի 6-ից հետո, օրը դեռ հստակ չէ, ժողով է անելու, որտեղ կհայտարարվի նախագահական ընտրություններին իրենց մասնակցելու ձեւաչափը։ Մեր տեղեկություններով՝ կմասնակցեն սեփական թեկնածուով՝ Դավիթ Իշխանյան։ Չնայած ՀՅԴ-ն տեւական ժամանակ կոնսուլտացիաների մեջ էր նախագահի այլ թեկնածուների հետ՝ միասնական ընտրությունների գնալու համար, իսկ ավելի վաղ տեղեկություն կար, որ հակված է աջակցել Վիտալի Բալասանյանին, սակայն այդ սցենարը մերժվել է։ ՀՅԴ-ին՝ միայնակ առաջադրվելու դեպքում, մանդատներ են խոստացել ապագա խորհրդարանում։ Երեկ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահան Բալայանն ասաց․ «Վերջնական որոշումը կհայտնենք այս շաբաթվա վերջ, բայց կոնսուլտացիաների ընթացքում տպավորություն կա, որ ամեն մի թեկնածու ձգտում է, որ իր շուրջը համախմբվեն»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը դժվար թե առաջադրվի նախագահի թեկնածու, թեև ավելի վաղ նման ցանկություն հայտնել էր: Պատճառն այն է, որ Մայիլյանը նախնական պայմանավորվածություն ուներ այլ քաղաքական ուժերի և գործիչների հետ, որ իր առաջադրման պարագայում նրանք պաշտպանելու են իր թեկնածությունը, ձևավորվելու է հասարակական-քաղաքական համախմբում: Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ նման համախմբում տեղի չունեցավ, իսկ Մայիլյանը չի ցանկանում լինել մի կուսակցության թեկնածու»:


«Փաստ» թերթը գրում է. «Իր վերջին հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչքան էլ խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի, այնուամենայնիվ մի քանի խնդրահարույց հարցերի հետ կապված որոշակի ակնարկներ ներկայացրեց։ Հարցազրույցում Վանեցյանի հնչեցրած այն միտքը, թե ՀՀ-ում գործող Սորոսի գրասենյակը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Այն, որ սորոսականները հակադրվելու էին, սպասելի էր: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի՝ անցած շաբաթավերջի արձագանքից զատ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լարված ու բուռն է ընդունվել նաեւ ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող ՀԿ սեկտորի ներկայացուցիչների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, որոնք ծառայություններ են մատուցել ու մատուցում օրվա իշխանություններին: Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք ՀՀ քաղաքական իշխանության առաջ վերստին հարց են բարձրացրել ՀՀ-ում լյուստրացիա անցկացնելու առումով՝ օրինակ բերելով Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային որոշ երկրների փորձը։ Բանն այն է, որ լյուստրացիա անցկացնելու դեպքում բացվելու են ուժային կառույցների արխիվները, եւ խորհրդային տարիների ՊԱԿ-ի գործողությունները դառնալու են հանրային սեփականություն։ Հենց դրանով է պայմանավորված, որ քաղհասարակության ներկայացուցիչների որոշ հատված անընդհատ այդ թեման բերում է հանրային օրակարգ եւ փորձում ապացուցել, որ լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը», որն իրագործվելու է 2020-25թթ.: Այս նախագիծը չափազանց սպասված էր և իր էությամբ իսկապես հեղափոխական է: Համոզվելու համար երկու ուղիղ մեջբերում նախագծից. «Պետության և հասարակության ապագան առողջ սերունդն է: Առողջ ապրելակերպը նպաստում է ոչ միայն անհատական ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև ամբողջ հասարակության սոցիալական միաբանության ամրապնդմանն ու բարեկեցությանը: Առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից է ֆիզիկական կուլտուրան և սպորտը», «Պետության զարգացման և ազգային անվտանգության տեսակետից կարևոր է երիտասարդների հոգևոր-մշակութային զարգացումը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը»: Նախագիծն ամբողջությամբ թաթախված է նման հեղափոխական գաղափարներով և մոտեցումներով»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56688