Ցեղասպանությունից մեկ դար անց Թուրքիան ընկալվում է ՀՀ անվտանգության հնարավոր սպառնալիք

Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում՝ պատասխանելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին:


«Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների համար, այլ, ինչպես ասացի, ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար»,-նշել է ՀՀ վարչապետը:


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այն շատ կարևոր քայլ է: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները:


«Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք: Մոտ 30 տարի է արդեն, ինչ մեր սահմանը փակ է՝ թուրքական կողմից, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Նա իր երախտիքն է հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար: Վարչապետն ընդգծել է, որ աշխատում են օտարերկրյա գործընկերների հետ նման ճանաչումներ հնարավորինս շատ ունենալու և համաշխարհային ճանաչման հասնելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56377