Հայաստանը պետք է հակազդի թուրք-ադրբեջանական գործոնին սահմանների երկայնքով

Իրանում շարունակում են բենզինի գների թանկացման դեմ բողոքի ակցիաներն ու այդ ակցիաների մասնակիցներին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ն:


Իրանը ՀՀայաստանի համար ռազմավարական դաշնակից է և այդ երկրի ներքին կայունությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության ու անգամ տարածքային ամբողջականության համար:


ԱՄՆ-ն, Իսրայելն ու Ծոցի երկրները կարող են օգտվել Իրանում ստեղծված իրավիճակից ու փորձեն հասնել Իրանում քաղաքական ռեժիմի տապալմանը՝օգտագործելով սոցիալ-տնտեսական դժգոհությունը:


ՀՀ-ն շրջապատված է թուրք-ադրբեջանական տանդեմով, որոնք փակ են պահում սահմաններն ու այս պարագայում Երևանի համար Վրաստանով ու Իրանով անցնող լոգիստիկաները կյանքի ճանապարհներ են ու այդ ճանապարհների փակումը կամ անվտանգության աստիճանի նվազումն ուղիղ հարված է ՀՀ-ի թե ռազմա-քաղաքական կայունությանը, թե տնտեսական անվտանգությանը:


Վրաստանում նույնպես օրեր շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, այսինքն ՀՀ-ի հարևան երկու երկրներում, որտեղով անցնում են հայկական պետականության համար կարևորագույն ուղիներն՝ անկայուն իրավիճակ է:


ՀՀ-ի իշխանությունները պետք է ունենան ֆորս-մաժորային իրավիճակներում ՀՀ-ի ու Արցախի ազգային անվտանգությունն ու հայկական տնտեսության կենսունակությունը պահպանելու հստակ տեսլական:


Եթե մոդելավորենք մի իրավիճակ, երբ Իրանում իրավիճակը հասնում է անարխայի աստիճանի, ինչից օգտվում են Իրանի հակառակորդներն ու ուժեղացնում են Իրանում սեպարատիստական տրամադրություններն, ապա այդ պարագայում հայ-իրանական սահմանից այն կողմ բնակվող մի քանի տասնյակ միլոնի հասնող իրանական ադրբեջանցիները կարող են փակել Հայաստան-Իրան ճանապարհի իրանական հատվածը: Անկարա-Բաքու տանդեմը շարունակում է ակտիվ աշխատանքներն Իրանի հյուսիսում՝պանթուրքիստական ռազմավարության և Մեծ Ադրբեջան ստեղծելու ուղղությամբ:


Ինչ վերաբերվում է հայ-վրացական սահմանին, ապա Հայաստան-Վրաստան կարևորագույն լոգիստիկաներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի շրջանով, ինչը նույնպես ազգային անվտանգության խնդիր է, եթե Վրաստանում իրավիճակը սրվի՝ օսական կամ աբխազական հակամարտությունները թեժանան ու անցնեն ռազմական փուլի:


Հայաստան մտնող իրանական ու վրացական լոգիստիկան կարող է հայտնվել տեղի ադրբեջանցիների հսկողության տակ, ինչը լրջագույն սպառնալիք է ՀՀ-ին ու Արցախին: ՀՀ-ի այսօրվա իշխանությունները պետք է կարողանան ապահովել ՀՀ-ի տնտեսական կայունությունն ու ռազմական անվտանգությունը գրեթե 100 տոկոսանոց բլոկադայի պայմաններում: Դա նշանակում է, որ ՀՀ-ն պետք է վերանայի Ազգային անվտանգության ռազմավարությունը, հաշվի առնելով տարածաշրջանում առկա վտանգները, այդ թվում և պանթուրքիստական իրական վտանգը ՀՀ-ի հյուսիսային՝ հայ-վրացական սահմանի և հարավային՝ հայ-իրանական սահմանի երկայնքով:


ՀՀ-ն պետք է հնարավորինս ինքնաբավ դարձնի երկրի տնտեսությունը՝գոնե այն հատվածները, որոնք կապահովեն պարենային անվտանգությունը, ինչպես նաև ստեղծի ռազմա-արդյունաբերական այնպիսի համակարգ, որը կարողանա ամիսների ընթացքում պահպանի բանակի մարտունակությունն ու պատերազմ վարելու հնարավորությունը՝ փակ սահմանների պայմաններում:


Հայկական իշխանությունները պետք է զբաղվեն իրական խնդիրներով և Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը դարձնեն ավելի ճկուն ու օպերատիվ, որպեսզի ֆորս-մաժորային իրավիճակում ամբողջ պետական ապարատն ու երկրի ղեկավարությունն ունենա գործելու հստակ պլան:


Ուժային կառույցները՝ բանակ, ԱԱԾ և այլն, պետք է ունենան տարբեր բարդ իրավիճակներին արագ արձագանքելու ռազմավարություն, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում ցանկացած ֆորս-մաժոր կարող են օգտագործել Ղարաբաղում նոր պատերազմ հրահրելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56039