Սահմանադրական «անդունդը». Հայաստանին սպառնում է նո՞ր հեղափոխություն (թեժ քննարկում)

Հայաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների մի կողմից, իսկ Սահմանադրական դատարանի միջև մյուս կողմից անդունդը խորանում է, քանի որ դատական համակարգը թիրախավորվում է հանրային-քաղաքական դիսկուրսում: Այս մասին Երեւանում նոյեմբերի 16-ին Սահմադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քննարկման ժամանակ հայտարարեց ԱԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:


Քննարկման ժամանակ բանախոսները, որոնց թվում էին նաև պատգամավորներ ու իրավապաշտպաններ, հարց բարձրացրեցին դատական համակարգի, հատկապես դրա բարձրագույն մարմնի՝ Սահմանադրական դատարանի լեգիտիմության ճգնաժամի մասին: Ներկայացվեցին նաև այս տարի ամռանն անցկացված սոցիլագիական հետազոտության տվյալները, համաձայն որոնց դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը շատ ցածր է: «Այն կազմում է 6,6%, որը շատ մտահոգիչ ցուցանիշ է: Մարդիկ չեն հավատում, որ Սահմանադրական դատարանն այն մարմինն է, որ կարողանալու է հավասարակաշռել իշխանության մյուս թևերին և պաշտպանել է քաղաքացիների սահմանադրական շահերը: Հանրային ընկալմամբ ՍԴ-ն մնում է նախկին կոռումպացված իշխանության կցորդը», - ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ նշեց Դանիել Իոաննիսյանը:



Նա հավելեց, որ սա մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ իշխանության մյուս թևերը բավականին բարձր հանրային վստահություն են վայելում: Իհարկե, Իոաննիսյանը չնշեց, որ համաձայն նույն հետազոտության՝ Ազգային ժողովի նկատմամբ հանրության վետահությունը ՍԴ-ի ցուցանիշից շատ մեծ չէ՝ 8,1%: Համաձայն նույն հարցման, հանրության ամենամեծ վստահությունը վայելում է անձի հետ ասոցացվող մեկ պետական կառույց, այն է՝ վարչապետի ինստիտուտը (53%):


Դատարանները՝ քավության նոխազ


Ալվինա Գյուլումյանը չի հիշում մեկ դեպք, երբ ՀՀ-ում որեւէ իշխանության օրոք դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ: «Երբ հասարակությունում ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները: Միգուցե սա բարձր գնահատական է տրված դատարաններին, որ ակնկալիքներն են շատ: Բայց եկեք չմոռանանք, որ երբ ասում ենք՝ դատարանը 6,6 տոկոս վստահություն ունի, եկենք տեսնենք, թե այդ թվից որ տոկոսն է առնչվում դատարաններին, եւ արդյոք հարցվածները երբեւէ դատարաններին առնչված մարդկանց շրջանակից են»,-ասաց Գյուլումյանը:



Նա խոստովանեց, որ այո, դատարանները բարձր վստահություն չեն վայելում. «Բայց պետք է դրա պատճառները գտնենք: Առաջին պատճառը դատարանի պակաս հրապարակայնությունն ու գործունեության ոչ թափանցիկությունն են: Երկրորդ պատճառը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է դատարանին: Երբ իշխանությունները ինչ-որ մի տեղ տեսնում են արդյունավետության պակաս, հիշում են, որ մեղավոր կարող են լինել դատարանները: Դատարանների վստահությունը բարձրացնելու համար առաջին հերթին քաղաքական իշխանություններն են, որ պետք է զսպվածություն ցուցաբերեն»,-ասաց ՍԴ անդամը:


Նրա խոսքով, երբ խոսում ենք դատարանների անկախության մասին, չպետք է մոռանալ, որ իշխանության մյուս թեւերի ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատել. «Դա կարող է անել քաղհասարակությունը, կարող են անել առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը որպես այդպեսին: Բնականաբար, երբ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է առնում դատարանին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից: Այստեղ, այո, կարող է լինել վստահության մեջ անկում»:


Կոշտ քննադատություն և հակադարձում


Քննարկման մասնակից ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց ընտրական վեճերի մասով ՍԴ որոշումներից. «ՍԴ-ի կայացրած ընտրական վեճերի վերաբերյալ վճիռները ուղեկցվել են տոտալ բռնություններով, ջարդարարություններով, կուսակցություններ փակելով: Նրանց որոշումների պատճառով քաղաքական առաջնորդներ են օրերով, շաբաթներով թաքնված մնացել ու ներհասարակական, ներհանրային կյանքում ներդաշնակություն ապահովելու փոխարեն ձեր դատարանի կայացրած վճիռները միայն սթրես, տագնապ ու բռնություններ են գեներացրել: Հիմնականում ընտրական վճիռներին չառնչվող որոշումներում դուք սքողել եք ՍԴ-ի իրական գործառույթը: Ձեր գլխավոր ֆունկցիան էր ամեն գնով այդ ռեժիմի երկարակեցությունը ապահովելու դրան օրինական տեսք տալ՝ ի հաշիվ ՀՀ-ում ժողովրդավարության անկման եւ իրավունքների ոտնահարման:



ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն արձագանքեց. «Ես հակված էի մտածելու, որ այստեղ ինձ չեն փորձի ներքաշել քաղաքական բանավեճերի մեջ, պարոն Բաբաջանյանի ասածը զուտ քաղաքական հայտարարություններ են, ցավոք, որոնց վերաբերյալ ոչ մի հիմք չի ներկայացվում, ու ես դրանց ուղղակի չեմ պատասխանի»:


Արման Բաբաջանյանը, խոսելով ՍԴ որոշումների մասին, ասաց՝ 2003-ին էր, որ ՍԴ-ն որոշեց ընտրացուցակները փակել ու հենց այս ընտրություններից սկած՝ ՀՀ-ում տեղի ունեցան համապետական խայտառակ ընտրություններ ու դա արվեց նույնիսկ այն ժամանակ, երբ այդպիսի նորմ նախատեսված չէր. «ՍԴ-ն նախաձեռնեց այդպիսի նորմ, որը ազատություններն էր սահմանափակում ու ժողովրդավարությունը, դուք դրա դեմ որոշում եք կայացրել, այդ որոշման արդյունքում ՀՀ-ում տեղի են ունեցել հանրաքվեներ, համապետական ընտրություններ, որոնք ուղեկցվել են բռնություններով, ջարդարարություններով ու ուղղակի սպանություններով եւ ես կարծում եմ, որ դուք հանցակից եք ապօրինությունների, այն բռնարարքների, սպանությունների համար, որոնք տեղի են ունեցել այդ որոշման պատճառով ու հետեւանքով»:


Գյուլումյանը խոսեց ՍԴ-ի կայացրած 1500 վճիռների մասին: Բաբաջանյանը հարցրեց շատ կոշտ ու մեղադրական տոնով. «Ձեզ ուզում եմ մի պարզ հարց տալ՝ այդ 1500 վճիռների արդյունքում մինչեւ 2018-ը Հայաստանը ժողովրդավա՞ր է եղել, եթե եղել է այդպիսին, 2018-ի մայիսին ի՞նչ էր անում ժողովուրդը: Ձեր որոշումների պատճառով իր փրկությունը ժողովուրդը փողոցում էր փորձում գտնել, սա ձեր աշխատանքի ամենավառ գնահատականն է»:


ՍԴ անդամը պատասխանեց. «Կոչ կանեմ մի փոքր ավելի կոռեկտ լինել՝ հանցագործ, հանցակից է նա, ում նկատմամբ կա կայացած ուժի մեջ մտած դատավճիռ, եթե կհասնեք այդ դատավճռին, կկարողանաք ինձ հանցակից անվանել: Ես այդ դատավորներից մեկն եմ: Ես մարդ եմ, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման առումով շատ ավելի մեծ ներդրում ունի այս երկրում, քան այստեղ նստած որեւէ մեկը»:


Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ասաց. «Տիկին Գյուլումյան, խնդրում եմ, իրանցից մեկը մի եղեք, դա մեծ պատասխանատվություն է»: «Ես ձեզ վստահեցնում եմ, եթե դատաիրավական համակարգը չփոխվի, երկրորդ հեղափոխության ռիսկը մեծ է՝ ԱԺ լեգիտիմության ու կառավարության առկայության դեպքում: Մենք պետք է վստահ լինենք, որ արդարադատություն իրականացնող մարմին ունենք: Նայում ենք, ՏԻՄ-երը պետության զավթման գործիք է եղել, դատարանները զավթման գործիք են եղել…», - ասաց նա:


Խնդրի կարգավորման հնարավորություն կա


Քննարկմանը մասնակից ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիլեյանը քաղաքական զսպավածության կոչերի սլաքներն ուղղեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:


«Ձեր ղեկավարն է առաջին հերթին հանդես գալիս քաղաքական հայտարարություններով: Նրան պետք է անել զսպվածության կոչ: Բացի այդ մենք գիտենք նրա հետագիծը: Եղել է ՀՀԿ անդամ, մշակել մի սահմանադրություն, որով ՍԴ նախագահը պետք է ընտրվի վեց տարի ժամկետով, սակայն ինքը քաղաքական որոշմամբ նախորդ սահմանադրական կարգավորումներով նշանակվել է նախագահ՝ մինչև թոշակի անցնելու ժամկետով: Սա իրավական աճպարարություն է եղել և մենք ունենք Սահմանադրական դատարան ու դատական համակարգ, որ չեն համապատասխանում երկրում տեղի ունեցած փոփոխությունների ոգուն», - ասաց Գաբրիելյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով «մարդասիրական միջանցքի» մասին, որ բացել է կառավարությունը ՍԴ անդամների համար վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագծի տեսքով:



«Իմ քայլը» դաշինքը մի կողմից սկսել է գործընթաց՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, մյուս կողմից կառավարության մակարադակով նոյեմբերի 14-ի նիստում ընդունվել է նախագիծ, համաձայն որի, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը, կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։


Փորձագետները սա համարեցին «կաշառքի» փորձ, իսկ իրավապաշտպանների կարծիքով կառավարության որոշումն ացումային արդարադատության բաղկացուցիչ է, որի նպատակը հանրային համերաշխություն հաստատել են: «Սա քայլ է, որ իրականացվել է կառավարության կողմից դեպի Սահմանադրական դատարանին, եթե դուք էլ անեք մեկ այլ առաջ, ապա կառավարությունը ևս մի քանի քայլ կանի: Այժմ սակայն մի վիճակ է, որ նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը ցմահ է նախագահելու, ինչի հետևանքով ՍԴ անդամների իրավունքներն են խախտվել: Այն է՝ նրանք կկարողանային վեց տարի հետո ընտրել այլ նախագահ հենց իրենց մեջից», - ասաց Գաբրիելայնը:


Ո՞րն է լուծումը


Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մի քանի տարբերակներ առաջարկվեցին, սակայն դրանց մեծ մասն այս կամ այն կերպ իրավական տեսանկյունից խոցելի էին: Նախ Սիսակ Գաբրիելյանը վերստին հիշեցրեց կառավարության՝ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի մասին՝ նշելով, որ սա լուծման տարբերակներից մեկն է: «Սակայն կարևոր է, որ մենք ՍԴ անդամների կողմից համապատասխան քյալեր տեսնենք», - ասաց նա՝, որի հետ չահամաձայնեց Արման Բաբաջանյանը՝ որակելով կառավարության տվյալ որաշումը «խայտառակություն»:


Կառավարության նոր նախագիծը՝ թոշակի ուղարկելու ՍԴ անդամներին, պատգամավորի խոսքով՝ դա որեւէ ձեւով չի լուծում խնդիրը, համակարգային լուծում է պետք:


«Ես կառավարող ուժի մոտ տեսնում եմ քաղաքական կամքի խնդիր: Նա պետք է օրենքի ուժով դադարեցնի… ՍԴ գործող անդամներից եւ ոչ մեկը չէր կարող այսօր այսպիսի դիմադրություն ցույց տալ, եթե, օրինակ, Բաղրամյան 26-ի, 19-ի հասցեներով հասնելով Բաղրամյան 10՝ ժողովուրդը ձեր հրաժարականը պահանջեր, դուք շատ սիրուն հրաժարվելու էինք: Ժողովուրդը դա չարեց: Իշխանությունը կամքի խնդիր ունի, եթե դա ունեցավ՝ դատարանի հարցը կլուծվի», - ասաց նա: Ըստ Բաբաջանյանի, ՍԴ-ի հարցը այսբերգի միայն ծայրն է, Հրայր Թովմասյանն էլ ընդամենը զինվոր է, Սերժ Սարգսյանի գրպանում դրված նախկին քաղաքական գործիչ:


Արթուր Սաքունցն առաջարկեց ընդունել օրենք ՍԴ լիազորությունների դադարեցման մասին և սկսել այդ կառույցի ձևավորում «նոր էջից»: Նրան հակադարձեց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ նմանատիպ օրենքները պետք է գնան ՍԴ՝ համապատասխան եզրակացության: «Այսինքն՝ ինչպես էլ արվի, ՍԴ-ն պետք է խոսք ասի», - ասաց նա՝ ակնարկելով այդ առաջարկի ոչ հեռանկարային լինելու մասին:



Խնդրի կարգավորման միակ հստակ իրավական ուղին նշեց Ալվինա Գյուլումյանը, որին չառարկեց որևէ մեկը: «Ասե՞մ, թե՞ չասեմ», - սկզբից կատակով հարց ուղղեց Գյուլումյանը՝ այնուամենայնիվ ասելով. «Պետք է անցկացնել նոր սահմանադրական հանրաքվե, որ հարցը լուծվի»: «Դա գիտենք», - արձագանքեցին պատգամավորներն ու ասյս նոտայի վրա քննարկումն ավարտվեց:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55968