Ղարաբաղյան հարցում կողմերը ժամանակ են ձգում մինչև նոր պատերազմ

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ: Այս մասին հայտնել է Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:


Ղարաբաղյան բանակցային գործընթացում ՀՀ նախկին իշխանությունները բանակցում էին մադրիդյան փաստաթղթի շուրջ, որտեղ առկա բազմաթիվ կետեր ձեռնտու չէին հայկական կողմին, քանի որ ենթադրում էին Ադրբեջանին 7 շրջանների հանձնում, ադրբեջանցի փախստականների վերադարձ, խաղաղապահ ուժերի տեղակայում և այլն:


Չնայած դրան նախկին իշխանություններն որևէ փաստաթուղթ չէին ստորագրում՝այդ թվում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, քանի որ Իլհամ Ալիևը բանակցային ամենաթեժ և վճռական փուլում հրաժարվում էր ստորագրել որևէ փաստաթուղթ կամ Բաքուն առաջ էր քաշում նորանոր՝ադրբեջանամետ պահանջներ: Դա թույլ էր տալիս հայկական կողմին խուսանավել և չստորագրել մադրիդյան փաստաթղթի տակ՝բանակցությունների տորպեդահարման համար մեղադրելով պաշտոնական Բաքվին:


ՀՀ ԱԳՆ հայտարարում է, որ կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ՝դա նշանակում է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները՝Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նույնպես չեն ցանկանում գնալ ցավոտ զիջումների ադրբեջանական կողմին՝մադրիդյան փաստաթղթի շուրջ և շարունակում են բանակցություններ՝ժամանակ շահելու նպատակով բանաձևը, ինչը մի կողմից դրական է, քանի որ մադրիդյան փաստաթղթի մի շարք կետեր կազմաքանդելու են Արցախի անվտանգային և դեմոգրաֆիկ ողջ համակարգն ու կանաչ լույս վառեն Արցախի հայաթափմանը:


Մյուս կողմից, եթե կողմերը բանակցություններն օգտագործում են ժամանակ շահելու համար, ապա Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործում է բանակն արդիականացնելու, զորքերը նոր պատերազմի պատրաստելու համար, ինչպես նաև հասարակությանը շարունակում են ոգևորել հայատյացությամբ և ի դեմս հայերի արտաքին թշնամու կերպար կերտելու ռազմավարությամբ:


Եթե հայկական կողմերը նույնպես հարցի վերջնական լուծումը տեսնում են ռազմական նոր բախման մեջ, ապա ՀՀ-ում պետք է տարվի ոչ թե խաղաղասիրական քարոզ՝ հասարակության ուշադրությունն ու զգոնությունը բթացնելու համար, այլ ռազմա-հայրենասիրական, սակայն դա չի արվում՝ Արցախի պատերազմի հերոսները շարունակ հետապնդվում են ու քարկոծվում ԶԼՄ-ների, սոցցանցերի միջոցով:


Բացի այդ, ՀՀ-ի ռազմական բյուջեն համահունչ չէ նոր պատերազմին՝ռազմական բյուջեի կտրուկ աճ չի արձանագրվել: Եթե ՀՀ-ն ու Արցախը ժամանակ են քաշում բանակցություններում, ապա դրան զուգահեռ պետք է ամրապնդվի տնտեսությունն ու բանակը՝ տնտեսական աճին զուգահեռ պետք է կտրուկ ավելանա ռազմական բյուջեն և գնվեն մեծ քանակությամբ նոր զինատեսակներ:


Այսպիսով, ղարաբաղյան բանակցային գործընթացում կողմերն որդեգրել են ժամանակ շահելու ռազմավարություն՝ Ադրբեջանը ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից մինչև այս պահն ընկած ժամանակն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու համար, իսկ հայկական կողմը զբաղված է ներքաղաքական հարցերով, ինչը հղի է մեծ վտանգներով արցախյան ճակատում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55778