Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն: Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է.Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով ,ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող,շարքային Կ.Հ-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- VERELQ-ին հայտնեց բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Նրա խոսքով, հիշյալ հոդվածը վերաբերում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:


Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55572